Ս.Լավրով. Ռուսաստանը հանդես է գալիս Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին

PanARMENIAN.Net - Միակողմանի գործողությունները, որոնք ձեռնարկվում են Իրանի դեմ առեւտրատնտեսական պատժամիջոցների կիրառման ուղղությամբ, չեն նպաստում այդ երկրի միջուկային խնդրի կարգավորմանն ուղղված հավաքական ջանքերին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած այցի արդյունքում: Ս.Լավրովն ավարտեց իր այցը Թեհրան եւ չորեքշաբթի առավոտյան վերադարձավ Մոսկվա: Լավրովը բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքիի հետ:



Բանակցություններն ընթացել են փակ դռների ետեւում: Սերգեյ Լավրովը կրկին խոսել է իրանական միջուկային ծրագրի շուրջ առաջացած ճգնաժամը խաղաղ միջոցներով լուծելու անհրաժեշտության մասին: Նա նաեւ կոչ է արել Իսլամական հանարպետությանը համագործակցել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ, ցրելու համար կասկածները միջուկային ծրագրի իրական բնույթի վերաբերյալ:



«Մենք հորդորել ենք Իրանի ղեկավարությանը հետագայում եւս, ցանկալի է առավել ակտիվ, աշխատել ՄԱԳԱՏԷ-ի հետ, պարզելու համար այն հարցերը, որոնք ծագել են այդ գործակալությունում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ` վերականգնելու համար վստահությունն ատոմային էներգետիկայի ոլորտում Իրանի բացառապես խաղաղ գործունեության հանդեպ»,-ասել է Ս.Լավրովը:



Նրա խոսքերով, Ռուսաստանը հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի հետ կապված բոլոր հարցերի խաղաղ լուծման օգտին:



Անցած հինգշաբթի ԱՄՆ-ն գործողության մեջ մտցրեց իրնական ռազմական կազմավորման` Հեղափոխական գվարդիայի դեմ ուղղված պատժամիջոցները: Դա արվեց այն պատրվակով, որ Հեղափոխական գվարդիան սատարում է ահաբեկիչներին եւ նպաստում է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, գրում է New York Times-ը:



Լավրովի այցը կայացավ այն բանից երկու շաբաթ անց, երբ ՌԴ նախագահ Վ.Պուտինը կատարեց իր նշանակալի այցը Իրանի: 1943 թվականից ի վեր նա Կրեմլի առաջին ղեկավարն է, որ այցելեց այդ երկիր: Պուտինը պնդում է , որ պետք է դիվանագիտական ելք գտնվի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված միջազգային դիմակայությունից:



Հաջորդ շաբաթ Լոնդոնում տեղի կունենա ՄԱԿ-ի ԱԽ-ի հիմնական անդամ հինգ երկրների եւ Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի իրանական միջուկային ծրագիրը, հաղորդում է ՌԴ Ազգային նորությունների գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---