Վատիկանում ՀՀ դեսպան. Պապը մեզ ազատեց թուրքական կառավարության մերժողական քաղաքականության կապանքներից

Վատիկանում ՀՀ դեսպան. Պապը մեզ ազատեց թուրքական կառավարության մերժողական քաղաքականության կապանքներից

PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան օգնել է հայերին ազատվել թուրքական կառավարության մերժողական քաղաքականությունից: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին Սբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել իտալական La Stampa հեղինակավոր թերթին ՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այդ այցի նշանակությունն ապագային նայելու համար:

La Stampa-ի՝ Վատիկանին անդրադարձող բաժինը (Vatican Insider) հարցրել է դեսպան Մինասյանին, թե ինչ նշանակություն ուներ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցը:

«Խորհրդանիշերով և հույզերով լի այդ այցը, կարծում եմ, հիանալի կերպով արտահայտել է Ֆրանցիսկոս պապի առանցքային արժեքների կարևորությունը, ինչպիսիք են՝ համերաշխությունը, աշխարհի հանդեպ բաց լինելը և ազատությունը։ Համերաշխություն հայ ժողովրդի հետ, ժողովուրդ, որն այդքան տառապել է. Պապը սովորեցնում է, որ հնարավոր չէ համերաշխ չլինել նրանց հետ, ովքեր տառապում են։ Այդ այցն օգնեց ազատվել դեռևս այսօր թուրքական կառավարության մերժողական քաղաքականությունից բորբոքվող ցավի կապանքներից, ազատություն տվեց, Պապի անձնական ազատությունը, քանի որ նա անտեսեց ճնշումները»,- ասել է Մինասյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Դեսպանը նշել է, որ Հայաստանում Պապի հայացքը ներառում էր նաև Միջին Արևելքի քրիստոնյաներին, որոնց համար նա չի հոգնում խաղաղության կոչ հղել, քանի որ լռությունը չի կարող կիրառվել այն ողբերգությունների դեպքում, որոնք տեղի են ունենում այսօր մեր աչքի առաջ:

«Եթե հարյուր տարի առաջ իմ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը ճիշտ գնահատականի արժանանար, ինչպես ուշացումով ազգերն անում են վերջին տասնամյակներին, հավանաբար այսօր կունենայինք այլ իրավիճակ Միջին Արևելքի քրիստոնյաների դեպքում»,- ասել է Մինասյանը՝ ընդգծելով, որ հայերը Թուրքիայից սպասում են այդ քայլին, ինչպես նաև գիտակցմանը, որ անցյալում մշակութային և քաղաքական բազմազանությունն իրենց հարստությունն է եղել:

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---