«Խոստումը» տապալվել է ԱՄՆ կինովարձույթում

«Խոստումը» տապալվել է ԱՄՆ կինովարձույթում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին մոտ $100 մլն բյուջեով «Խոստումը» ֆիլմը տապալվել է ամերիկյան կինովարձույթում: Առաջին հանգստյան օրերին այն հավաքագրել է ընդամենը $4.1 մլն, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Չնայած սրան, ֆիլմի պրոդյուսերները նշում են, որ «Խոստումը» հաղթանակ է, քանի որ դրա նպատակը մարդկանց իրազեկելն էր, ոչ թե գումար աշխատելը:

Բացի այդ,Variety.com-ը գրում է, որ «Խոստումը» հազիվ է տեղ գտել հանգստյան օրերին ԱՄՆ կինովարձույթի լավագույն տասնյակում՝ չնայած սոցիալական ցանցերում կազմակերպված լայնածավալ պրոմո-ակցիաներին. ֆիլմին իրենց աջակցությունն էին հայտնել Լեոնարդո ԴիԿապրիոն, Շերը, Քարդաշյան քույրերը, Ջենիֆեր Լոպեսը և այլք:

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմը դեռ մինչև մեծ էկրաններ բարձրանալը դարձավ քաղաքական շահարկումների ու սկանդալի առարկա։ Հարևան Թուրքիայից և Ադրբեջանից, առանց ֆիլմը դիտելու, օգտատերերը մասսայաբար մտնում էին կինեմատոգրաֆիական խոշորագույն ռեսուրսի՝ IMDb-ի կայքն ու նվազագույն գնահատականներ դնում։ Ֆիլմի գնահատականի զրոյացումից ու «վատագույն ֆիլմերի» շարքում հայտնվելուց խուսափելու համար հայերը, ևս մասսայաբար ու կրկին առանց ֆիլմին ծանոթ լինելու, նույն կայքում առավելագույն գնահատական էին դնում։ Արդյունքում, ֆիլմի մասին սկսեցին խոսել դեռ մինչև կինոթատրոն մտնելը, իսկ գեղարվեստական ստեղծագործությունը վերածվեց զուտ քաղաքական «հրաձգության» կենտրոնի։ Հայաստանյան էկրաններին հայերեն թարգմանված «Խոստումը» կհայտնվի ապրիլի 27-ին։ Ապրիլի 24-ին լրատվամիջոցների համար կազմակերպվեց ֆիլմի փակ դիտումը։ PanARMENIAN.Net ը ևս ներկա էր ու կիսվում է տպավորություններով։

Կարդացեք նաև՝ «Խոստումի» դիտումն ամերիկյան կինոթատրոններում փորձում են տապալել

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---