Հայ պատգամավորները կհետեւեն Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին

PanARMENIAN.Net - ԱՊՀ ՄԽՎ-ի 29-րդ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով Սանքտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախօրեին հանդիպել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր: Պարոն Գրիզլովը ԱԺ նախագահին իրազեկեց, որ արդեն կատարվել է վիճակահանություն եւ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը տասներորդ համարով է մասնակցելու Պետական Դումայի ընտրություններին, դեկտեմբերի երեքին սկսվում է քարոզարշավը, եւ կուսակցությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, հավակնում է կրկնել ու զարգացնել նախորդ ընտրություններում ունեցած հաջողությունը:



ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, հաջողություններ մաղթելով «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը դեկտեմբերյան ընտրություններում, վստահություն հայտնեց, որ ընտրություններից հետո միջազգային կառույցներում համագործակցությունը եւ երկկողմանի հարաբերությունների զարգացումը կշարունակվի: ԱԺ նախագահը կարեւորեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների հաջող ընթացքը: Պարոն Թորոսյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովից դիտորդական առաքելություն կմասնակցի ընտրություններին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---