26 ապրիլի 2017 - 10:08 AMT
ՀՔԾ. ՄԻՊ-ի՝ հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցն օբյեկտիվ չէ

Հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ հուլիսյան իրադարձությունների մասին արտահերթ հրապարակային զեկույցին:

Ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում, հրապարակումներում արված քննադատական եզրահանգումները (այդ թվում, ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին) ընդունվել և հետագա գործունեության արդյունավետության բարձրացման առումով վերլուծվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

«Այդուհանդերձ, ցավում ենք, որ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցը, առանձին վերլուծությունների, գնահատականների առումով, մեղմ ասած, հեռու է օբյեկտիվ համարվելուց: Զեկույցում տեղ են գտել կարծիքներ, եզրահանգումներ, փաստական հանգամանքների նկարագրություններ, որոնք ոչ միայն զուրկ են որևէ հիմքից, ոչ միայն թերի են և հիմնված ոչ համապարփակ, անկանխակալ տեղեկատվության վրա, այլ՝ հաճախ ընդամենը ենթադրություններ են, ինչի մասին մի քանի անգամ բառացիորեն նշվում է նաև հենց զեկույցի տեքստում (էջ 82, 83, 91 և այլն):

Հասարակական կյանքում տեղի ունեցած այնպիսի բարդ, վտանգավոր իրադարձություններին, ինչպիսին 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի զավթումն ու ոստիկանների, քաղաքացիների պատանդառումն էր, ինչպիսին դրանից հետո կատարված սպանություններն էին, գույքի հրկիզումները, զենք-զինամթերքի և առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակությունները, բազմաթիվ անձանց մարմնական վնասվածքներ պատճառելը, գնդի հարակից տարածքում զինյալների աջակիցների և նրանց օժանդակողների հրահրմամբ օրեր շարունակ հասարակական կարգի խախտումներն ու զանգվածային անկարգությունները, Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է հանցագործությունները խափանելուն և հասարակական կարգի վերականգնմանն ուղղված իրավապահ մարմինների գործողություններին գնահատականներ տալ հիմնականում հիմնվելով իր կամ աշխատակազմի դիտարկումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների վրա: Այն դեպքում, երբ նույն զեկույցում պաշտպանն ինքը, միանգամայն իրավացիորեն, կասկածի տակ է դնում այդ լրատվամիջոցների օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը»:

Նշվում է նաև. որ ՄԻՊ-ն անտեսել է այն հանգամանքը, որ վերը նշված հանցագործությունների դեպքերի, իրադարձությունների, գործողությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացվող նախաքննությունն ավարտված չէ, օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերվող տվյալների, ապացույցների վերլուծությամբ դեռևս չեն տրվել զեկույցում հիշատակված բոլոր իրադարձությունների վերջնական իրավական գնահատականները:

«Մասսայական անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների գործողությունների համարժեքության վերաբերյալ արտահերթ զեկույցում տեղ գտած սուբյեկտիվ ենթադրությունները ոչ միայն կարող են ապակողմնորոշել հասարակության լայն շրջանակներին, այլև բացասաբար ազդել հետագայում նախաքննության արդյունքներով կատարված իրավական գնահատականների նկատմամբ հասարակության առանձին հատվածների վստահության վրա»:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վստահեցնում է, որ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ, հնարավոր սեղմ ժամկետում ավարտելու է հիշյալ դեպքերի վերաբերյալ քննվող բոլոր քրեական գործերով իրականացվող նախաքննությունը, հանցանք կատարողների արարքներին տրվելու են օբյեկտիվ իրավական գնահատականներ՝ անկախ մինչ այդ և հետագայում տարբեր անձանց ու կառույցների կողմից տրվող զգայական, սուբյեկտիվ գնահատականներից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների կիրառումը ոստիկանության կողմից անհամաչափ էր:

Կարդացեք նաև՝Դատախազությունը՝ ՄԻՊ զեկույցի մասին. Միակողմանի է, իրավական հիմնավորումներից զուրկ