1 նոյեմբերի 2007 - 14:32 AMT
ԱՄՆ-ն սկսել է Թուրքիային փոխանցել քուրդ գրոհայինների տեղակայման մասին հետախուզական տվյալները
ԱՄՆ-ն սկսել է Թուրքիային փոխանցել քուրդ գրոհայինների տեղակայման մասին հետախուզական տվյալները: «Մենք նորանոր հետախուզական տվյալներ ենք հաղորդում նրանց Թուրքիայի անհանգստությանն ի պատասխան»,-հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջեֆ Մորելը:

Ինչպես անցած շաբաթ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, օդային հարձակումներն ու լայնածավալ ցամաքային գործողությունները զգալի արդյունք չեն տա, քանի որ քուրդ գրոհայինների հենակետերի տեղակայման կոնկրետ վայրը դեռեւս հայտնի չէ:

Իրենց հերթին Սպիտակ տան մամլո քարտուղար Դանա Պերինոն նշել է, որ նախագահ Ջորջ Բուշը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ հանդիպմանը եւս մեկ անգամ կառաջարկի Իրաքին եւ Թուրքիային կարգավորել Քրդական աշխատավորական կուսակցության խնդիրը խաղաղ երկխոության ճանապարհով: «Մեքն ակնկալում ենք Իրաքի քայլերը եւ համոզված ենք, որ նրանք կանեն հնարավորը, ՔԱԿ-ն «արմատախիլ» անելու համար: Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր քաղաքացիներին եւ զինվորներին եւ մենք զսպվածության կոչ ենք անում Թուրքիային»,-ասել է Պերինոն, հաղորդում է «Ասոշիյեթիդ պրեսը»:

Նշենք, որ Թուրքիան բողոքում է, թե բազում ամիսների ընթացքում նա բավարար օգնություն չի ստանում ԱՄՆ-ից ՔԱԿ-ի դեմ պայքարում: Անկարան սպառնում է լայնածավալ ցամաքային գործողություն ծավալել Հյուսիսային Իրաքում, եթե ԱՄՆ-ն եւ Իրաքը գործուն քայլեր չեն ձեռնարկի քրդական գրոհայինների դեմ: