26 ապրիլի 2017 - 13:01 AMT
Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է ՀՀ-ի շինոլորտում ներդրումներով

Քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերը հետաքրքրված է Հայաստանում շինարարության, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտով։ Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նախարար Սուրեն Կարայանն ապրիլի 26-ին հանդիպել է գործարարի հետ:

Նախարարը Չարլզ Հայդերի հետ քննարկել է «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման ոլորտում անհրաժեշտ ներդրումները, իրականացման հնարավոր տարբերակները և առաջարկել համագործակցության հեռանկարները քննարկել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ։

«Մենք պատրաստ ենք ցանկացած ծրագիր մանրամասն քննարկել Ձեր և ձեր գործընկերների հետ»,- ասել է նախարարը՝ առաջարկելովայցելել նախարարութան կողմից ստեղծված investmentprojects.am կայքը, որն անհրաժեշտ տեղեկատվության է պարունակում թե՛ Հայաստանի ներդրումային միջավայրի և թե՛ առկա ներդրումային ծրագրերի վերաբերյալ։

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քուվեյթցի ներդրողն իր հետարքրքությունն է հայտնել նաև Հայաստանում էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերի առնչությամբ։ Ներդրողն իր աջակցությունն է հայտնել իր գործընկերներին Հայաստան հրավիրելու գործում՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։

Չարլզ Հայդենը հավելել է, որ շնորհակալ է արդյունավետ քննարկման համար և հավելել․ «Ուրախ եմ տեսնել Ձեր կառավարության քաղաքականությունը ներդրումների ոլորտում։ Ակնհայտ են ներդրումային միջավայրի դրական փոփոխությունները։ Հայաստանն իսկապես օտարերկրյա ներդրումների ներգրավման մեծ ներուժ ունի»։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ 2017-ին 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ: «3,2 մլրդ դոլարի մասին է հայտարարվել ու դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինի 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են: Ինչպես տեսնում եք, արդեն շատ ակտիվ ներդրումային ծրագրերը քննարկվում են և ներդրումներ արդեն իսկ իրականացվել են», - ասել է Սուրեն Կարայանը: