Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդը կոչ է արել Նենսի Փելոսիին քվեարկության դնել 106-րդ բանաձեւը

PanARMENIAN.Net - Սան Ֆրանցիսկոյի քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն է տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղված բանաձեւին: Քաղխորհրդի որոշմամբ առաջարկվում է շարունակել աջակցությունը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին եւ անմիջապես ընդգրկել այն օրակարգում քվեարկության դնելու նպատակով:



«ԱՄՆ կառավարության համար եկել է ժամանակը հստակ եւ պարզ հայտարարել այդ պատմական իրողության մասին, այլ ոչ թե տեղի տալ Թուրքիայի լկտի սպառնալիքներին: Քաղխորհրդի որոշումը ցույց տվեց, որ Սան Ֆրանցիսկոյի բնակիչներն աջակցում են 106-րդ բանաձեւին»,-նշել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչ Հայկ Բաղդասարյանը:



Հոկտեմբերի 23-ին բանաձեւը ներկայացրել էր քաղխորհրդի նախագահ Ահարոն Պեսկինը, որն անմիջապես ստացել է խորհրդի 9 անդամների աջակցությունը: Կոչ անելով խոսնակին քվեարկության դնել 106-րդ բանաձեւը, Պեսկինը նշել է, որ «քաղաքական շահ ստանալու համար երբեք չի կարելի զոհաբերել Ցեղասպանության եւ մարդկության դեմ կատարված այլ հանցագործությունների ճանաչումը»:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւի հեղինակներ կոնգրեսակններ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ Աննա Էշոն հոկտեմբերի 24-ին նամակ են հղել Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին` առաջարկելով հետաձգել քվեարկությունն այն մտավախությամբ, թե բանաձեւը չի ընդունվի: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հոկտեմբերի 10-ին ընդունվել է Արտաքին գործերի կոմիտեում 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ էր ներկայացրել Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---