2 նոյեմբերի 2007 - 15:10 AMT
Թբիլիսիում սկսվել է Միխաիլ Սահակաշվիլու դեմ ուղղված բազմահազարանոց հանրահավաքը
Ռուսթավելու պողոտայում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ արդեն հավաքվել են առնվազն 100 հազար մարդ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ, քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա խոսքերով, իրավիճակը Թբիլիսիում նորմալ է, իրավապահ մարմինները չեն խանգարում ցուցարարներին: «Մեր պահանջները միանգամային սահմանադրական են` մենք պահանջում ենք վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Ոչ մի բռնի գործողություն մենք չենք ձեռնարկի»,-նշել է նա:

Մինչդեռ, ըստ ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, հեղափոխությունը Վրաստանում քիչ հավանական է:

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին ընդդիմությունը մանիֆետս էր ստորագրել միավորման մասին, որի նպատակն է Սահակաշվիլու պաշտոնանկությունը: Մանիֆեստը ստորագրել են տասը ընդդիմադիր միավորումներ` Հանրապետական, Պահպանողական, Լեյբորիստական կուսակցությունները, «Ազատություն» կուսակցությունը, Ժողովրդի կուսակցությունը, «Վրաստանի ուղին», «Շարժում հանուն միասնական Վրաստանի», «Ազգային համաժողով», «Մենք ինքներս» եւ «Քարթուլի դասի» միավորումները: Ընդդիմությունը ցանկանում է, որ Վրաստանը դառնա խորհրդարանական-նախագահական հանրապետություն, հասնել վաղաժամ խորհրդարանական ընտրությունների, հաղթել այդ ընտրություններում, վերանայել սահմանադրությունը եւ զրկել իշխանությունից Սահակաշվիլուն: