Չեխիայի նախագահը չի վերանայի իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում

Չեխիայի նախագահը չի վերանայի իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարայի դժգոհությունը միանգամայն սպասելի էր, սակայն Չեխիայի նախագահը բնավ մտադիր չէ վերանայել իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին հայտարարել է Միլոշ Զեմանի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հիասթափություն է արտահայտել Չեխիայի հայ համայնքին նախագահ Զեմանի հասցեագրած նամակի կապակցությամբ, որով նա վերահաստատել է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դիրքորոշումը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր դժգոհությունն է հայտնել Անկարայում Չեխիայի դեսպանին:

Ըստ թուրքական կողմի՝ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունման շրջանակում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից ընթերցված նամակը «միակողմանի է ու պարունակում է մի շարք բացթողումներ»:

Ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը Չեխիայի խորհրդարան էր ներկայացրել Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռոբին Բյոնիշը։ Բանաձևին կողմ է քվեարկել 104 պատգամավոր։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ հայտնել էր. «Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ 104 ձայնով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---