Մուկուչյան. Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դատարանին որևէ ապացույց չի ներկայացրել

Մուկուչյան. Կոնգրես-ՀԺԿ դաշինքը  դատարանին որևէ ապացույց չի ներկայացրել

PanARMENIAN.Net - Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի դատավարության ընթացքը վկայում է դիմումում ներկայացված դատողությունների սնանկության մասին, ՍԴ-ում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության եզրափակիչ ելույթում. նա այս գործով պատասխանող կողմ է:

Սահմանադրական դատարանը կհրապարակի իր վճիռը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումով ապրիլի 28-ին: Ընդդիմադիր դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքներին վերաբերող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

«Դատավարության ընթացքն ակնհայտորեն վկայում է դիմումում ներկայացված դատողությունների սնանկությունը, այդ դատողությունները չէին պարունակում փաստարկված ապացույցներ»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, ներկայացված ապացուցող փաստարկները կամ հավելվածներն իրենցից որևէ իրավական արժեք չէին ներկայացնում:

«Հայաստանի Հանրապետության պատմության ամբողջ ընթացքում բարձր դատարանում առաջին անգամ քննվեց ընտրությունների հետ կապված դիմում, որը ոչ միայն փաստարկներում, այլև կից ներկայացված, այսպես կոչված, փաստաթղթերի տրցակում չէր պարունակում մեկ պատշաճ կազմված փաստաթուղթ, որը ներկայացված է դիմողի հետ որևէ կապ ունեցող ընտրական իրավահարաբերությունների սուբյեկտի կողմից՝ վստահված անձ, դիմողի ցուցակում ընդգրկված թեկնածուներ, հանձնաժողովի անդամներ, ինչու չէ նաև դիտորդներ»,- ասել է ԿԸՀ նախագահը:

Նա նշել է, որ ներկայացված հավելվածները չունեին առաջնային բնույթի որևէ նյութ:

Եզրափակիչ ելույթով հանդես է եկել նաև ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը:

«Սահմանադրական դատարանում անցած եռօրյա լսումները չափազանց օգտակար էին Հայաստանում պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և իրավապահ մարմինների կողմից դրա պարտակման իրողության բացահայտման համար։

Որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ օգտագործել է պետական իշխանության լծակները և իր վերահսկողության ներքո գտնվող ամբողջ վարչական ռեսուրսն ու հանրային հիմնարկները՝ ընտրողների վրա ճնշելու նպատակով, հայտնի է բոլորին, այդ թվում այս դատարանում մեր ընդդիմախոսներին, ինչքան էլ նրանք փորձեն անցած ընտրությունների նկատմամբ «անկեղծ» հավատի պոզա ընդունեն», - ասել է Զուրաբյանը։

Նա շեշտել է, որ Դանիել Իոաննիսյանի կատարած 119 հայտնի ձայնագրությունները ցույց են տալիս, որ Հանրապետական կուսակցությունը հանձնարարություն է տվել հանրապետության ամբողջ տարածքում հանրակրթական դպրոցների տնօրեններին և մանկապարտեզների վարիչներին՝ հավաքագրել իրենց տնօրինության տակ գտնվող աշակերտների և երեխաների ծնողներին Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար և այդ ընտրողների ցուցակները տրամադրել Հանրապետական կուսակցության ընտրական շտաբին, ինչպես նաև մարզպետարաններին և տեղական կառավարման մարմիններին։

«Վերջապես ստացված էին անհերքելի ապացույցներ Հանրապետական կուսակցության կողմից վարչական ռեսուրսի այնպիսի համակարգային և համատարած կիրառման մասին (խոսքը գնում է 380.000 աշակետի և հարյուր հազարավոր մանկապարտեզի տարիքի երեխաների ծնողների մասին), ինչը կարող էր էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։ Առկա էին բոլոր հիմքերը Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու համար»։

Զուրաբյանը նշել է, որ Մուկուչյանը ակնհայտ ստում է և պարտակում հանցագործությունը։ Դատական առաջին նիստում բացատրությունը ներկայացնելիս արդեն հիմնավորել ենք, որ տնօրենների և վարիչների, ինչպես նաև նրանց նման հանձնարարություն տված Հանրապետական կուսակցության ընտրական շտաբի ղեկավարների և այդ ցուցակներով զբաղվող պետական մարմինների ներկայացուցիչների գործողությունները քրեորեն պատժելի արարքներ են, սակայն դատախազությունը նույնպես պարտակում է այդ հանցագործությունը, դրսեւորելով հանցավոր անգործություն։

2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---