3 նոյեմբերի 2007 - 13:28 AMT
Վրաստանում աստիճանաբար աճում է հիասթափությունը Սահակաշվիլուց, գտնում է ռուս փորձագետը
«Հանրահավաքը Թբիլիսիում ցույց է տալիս, որ ընդդիմությունը Սահակաշվիլու ռեժիմին աճում է: Այդ գործընթացը գնում էր Վրաստանում վերջին մեկ ու կես տարվա ընթացքում: Եվ դա կապված է այն լուրջ սխալների հետ, որ թույլ է տվել Սահակաշվիլու ռեժիմը: Նա չլուծեց այն խնդիրներից եւ ոչ մեկը, որոնք խոստացել էր լուծել իշխանության գալիս»,-գտնում է Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի Անդրկովկասի երկրների գծով փորձագետ Ալեքսանդր Սկակովը: Նրա խոսքերով, Վրաստանի տնտեսությունը որպես այդպիսին բացակայում է` չկա զարգացած արդյունաբերություն եւ գյուղատնտեսություն, չի լուծվել ապստամբած նախկին ինքնավարությունների` Աբխազիայի, Հարավային Օսեթիայի խնդիրը:

«Այդ առումով իրավիճակն ավելի վատ է, քան նախկինում: Եթե մինչ Սահակաշվիլու իշխանության գալը կարելի էր հուսալ, որ հարավ-օսական կամ աբխազական խնդիրները կարող են լուծվել Վրաստանի համար բարենպաստ առումով, ապա այսօր դրա մասին խոսելն ավելորդ է: Իրավիճակն այդ տարածաշրջաններում պատերազմի սահմանագծին է: Բացի այդ, առկա է Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացում: Էլ չենք խոսում ընդդիմադիրների հետապնդումների մասին: Վրաստանը հետխորհրդային տարածքի միակ պետությունն է, որտեղ սպանվել է վարչապետը: Էլի շատ բան կարելի է ասել, սակայն փաստն այն է, որ Վրաստանում աստիճանաբար աճում է հիասթափությունը Սահակաշվիլու ռեժիմից»,-ընդգծել է ռուս փորձագետը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ չարժե վաղը կամ մյուս օրը հեղափոխություն ակնկալել Վրաստանում: «Սակայն եթե Սահակաշվիլին հետագայում եւս նախկին սխալները թույլ տա, դա, ի վերջո, կհանգեցնի Վրաստանում ռեժիմի փոփոխությանը»,-ասել է Սկակովը:

Նա նաեւ համոզված է, որ Վրաստանում կոշտ ավտորիտար ռեժիմի հաստատման միտում կա: «Ընդ որում այստեղ դա առավել տեսանելի է, քան մյուս երկրներում: Վրաստանը ավելի հեռուս գնաց ավտորիտարիզմի ուղիով, քան հարեւան Ադրբեջանն ու Հայաստանը, հաղորդում է Km.ru-ն: