«Թումո ստուդիաներ» կրթական նոր ծրագիր՝ Երևանում. $5 մլն կներդրվի

«Թումո ստուդիաներ» կրթական նոր ծրագիր՝ Երևանում. $5 մլն կներդրվի

PanARMENIAN.Net - Երևանում «Թումո ստուդիաներ» կրթական նոր ծրագիր կիրականացվի: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրով նախատեսվում է շուրջ 5 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում հիմնել ժամանակակից և ստեղծագործ կրթական նոր միջավայր: Մասնավորապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կնախաձեռնի «Թումո ստուդիաներ» կրթական նոր ծրագիրը, որի նպատակն է ոչ թվային, անալոգային ուղղությունների զարգացումը, այդ թվում՝ արհեստագործական, լուսանկարչական, նորաձևության, նաև հայկական խոհարարական արվեստի ուղղություններով: Ծրագրին կկարողանան մասնակցել 18-20 տարեկան երիտասարդներ՝ ինչպես անվճար, այնպես էլ մատչելի անդամավճարով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով մայրաքաղաքում երիտասարդների համար կրթական նմանօրինակ նախաձեռնությունների իրականացումը, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորության շրջանակում աջակցել ծրագրերի իրագործմանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Մարի Լու Փափազյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ կենտրոնի հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացման հարցում աջակցության համար:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բացվել է Երևանում 2011-ի օգոստոսին Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ Սիմոյան կրթական հիմնադրամի կողմից: Կենտրոնի նպատակն է ՏՏ ոլորտի հմտություններ տալ 12-18 տարեկան երիտասարդներին, նրանց ծանոթացնել նորարար տեխնոլոգիաներին: Նշվում է, որ կենտրոնը նաև հնարավորություն է տալիս խորացնելու ուսուցումը: Ստեղծման պահից մինչ օրս կենտրոնում ավելի քան 10.000 մարդ է սովորել: Այժմ Թումոյի բաժանմունքներ են գործում Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում: Նախատեսվում է նմանատիպ կենտրոններ բացել նաև Հայաստանի այլ մարզերում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---