3 նոյեմբերի 2007 - 15:41 AMT
Նոյեմբերի 3-ին Ստամբուլում կբացվի Իրաքի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը
Նոյեմբերի 3-ին Ստամբուլում բացվում է Իրաքում անվտանգության եւ կայունության ապահովման շուրջ միջազգային բանակցությունների երկրորդ փուլը: Գագաթնաժողովին կմասնակցեն Իրաքի հարեւան վեց երկրների արտգործնախարարներ, այդ թվում Սիրիայի եւ Իրանի նախարարները, ինչպես նաեւ Մեծ ութնյակի երկրների, ՄԱԿ-ի եւ մի շարք միջազգային արաբական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Զինված հակամարտությունը թուրքական բանակի եւ քրդական գրոհայինների միջեւ Իրաքի հետ սահմանում կարող է դառնալ բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկը: ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, որը մտադիր է հանդես գալ միջնորդի դերում, զսպվածության կոչ է արել իրաքյան եւ քրդական կողմերին:

Իրաքի իշխանությունները խոստովանել են, որ ի վիճակի չեն հաղթել Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ վարող քուրդ գրոհայիններին երկրի հյուսիսում: «Մենք ոչինչ չենք կարող անել, սակայն Թուրքիայի ուժը եւս չի պատի քրդերին հաղթելու համար»,-հայտարարել է Իրաքի կառավարության մամլո քարտուղար Ալի ալ Դաբբահը: Մինչդեռ Թուրքիան գտնում է, որ ԱՄՆ-ն բավարար աջակցություն ցույց չի տալիս քուրդ գրոհայինների դեմ պայքարում եւ չի օգտագործում իր ազդեցությունը Իրաքի ղեկավարության վրա: Իր կողմից, Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին գագաթնաժողովից առաջ մտավախություն հայտնեց, որ քրդական հարցը կարող է ետին պլան մղել այլ` Իրաքի համար ոչ պակաս կարեւոր հարցեր:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Թուրքիան օդային հարվածներ է հասցնում Իրաքում քուրդ անջատողականների դիրքերի վրա: Թուրքական բանակի ստորաբաժանումներն անցել են Իրաքի սահմանը եւ ռազմական գործողություններ են ծավալել քուրդ գրոհայինների դեմ: Associated Press-ի տվյալներով, անցած ամիս ռազմական գործողությունների ընթացքում զոհվեցին շուրջ 40 հոգի, հաղորդում է Լենտա.ռու-ն: