5 նոյեմբերի 2007 - 15:12 AMT
ԵԽ-ն հուսով է, որ Հայաստանում կկայանան ազատ եւ արդար նախագահական ընտրություններ
Եվրոպայի Խորհուրդը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ նրա եվրաինտեգրման ճանապարհին: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը: Նրա խոսքերով, այժմ մեծ հնարավորություններ են բացվում հայ հասարակության առավել ժողովրդավարացման համար: «ԵԽ-ին անդամակցելու 6 տարիների ընթացքում Հայաստանը մեծ ճանապարհ է անցել, սակայն դա բավարար չէ եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանելու համար: Դրական է այն, որ ՀՀ նոր Սահմանադրությունը մեկ քայլ առաջ է եւ կարեւոր է, որ այնտեղ ամրագրված է Երեւանի քաղաքապետի ընտրության սկզբունքը եւ ընդլայնված են տեղական ինքնակառավարման իրավունքները: Դուք պետք է առավել ակտիվ պայքարեք կաշառակերության դեմ եւ օրենսդրության մեջ ամրագրեք այլընտրանքային զինվորական ծառայությունը»,-ասել է Դեւիսը: Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին` ԵԽ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ 2008 թվականի նախագահական ընտրությունները կանցնեն ազատ եւ արդար: