6 նոյեմբերի 2007 - 15:40 AMT
Բաքուն երբեք դեմ չի՞ եղել Ստեփանակերտի մասնակցությանը Ղարաբաղի հարցով բանակցություններին
«Ադրբեջանը երբեք բացասաբար չի վերաբերվել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի մասնակցությանը հակամարտության կարգավորման բանակցություններին: Ադրբեջանում նման դիրքորոշում չկա, որ «մենք չենք ճանաչում, բանակցություններից դուրս ենք թողնում մեր քաղաքացիներին, ովքեր ապստամբություն են բարձրացրել Ադրբեջանի դեմ, նույնիսկ հայերին, ովքեր մասնակցել են անջատողականությանն ու ահաբեկությանը»: Մենք հետեւյալ դիրքորոշումն ունենք. թող մասնակցեն, սակայն Հայաստանը բռնազավթիչ է եւ այն պետք է հենց այդպիսին ճանաչվի»,- «Թրենդին» հայտարարել է ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ, պատգամավոր Զահիդ Օրուջը Բեռլինում սառեցված հակամարտությունների հարցով կոնֆերանսից հետո: Միջոցառումը կազմակերպվել է ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային կոմիտեի եւ Անվտանգության հարցերով ինստիտուտի կողմից:

Ադրբեջանցի պատգամավորի խոսքերով, 1992 թվականից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում որոշվել է Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի կարգավիճակը: Մանդատի համաձայն, «պատերազմող կողմերը Հայաստանն ու Ադբեջանն են, իսկ շահագրգռված կողմերն են Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանցի համայնքները»:

Օրուջի խոսքերով, բանակցություններն այդ ձեւաչափում հնարավոր են: «Սակայն անթույլատրելի է Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացումը հակամարտության կողմ եւ միջազգային սուբյեկտ»,- ասել է նա, հաղորդում է Թրենդը: