3 մայիսի 2017 - 14:16 AMT
Ադրբեջանական խնձորը ստուգվել է. Շեղումներ չկան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նմուշառում է կատարել և փորձաքննության ուղարկել ադրբեջանական ծագման խնձորների նմուշները: Արդյունքում՝ նախատեսված ցուցանիշների (դելտամետրին, դիմետոադ, մետալաքսիլ, ցիպերմետրին, ցիֆլուտին, ԴԴՏ ևտրա մետաբոլիտներ, ՀՔՑՀ (ալֆա, բետտա, գամմա իզոմերներ), քլորպիրիֆոս) շեղումներ չեն արձանագրվել:

Մայրաքաղաքի և մի քանի մարզերի իրացման կետերում կասեցրել է հայտնաբերված ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը: Իրացման կետերում վաճառքը կասեցվել է նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի շրջանակում:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայտնաբերված խմբաքանակը համարվել է վտանգավոր, քանի որ չի ունեցել անվտանգությունը հավաստող որևէ փաստաթուղթ: Հաշվի առնելով այս հանգամանքը, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված կարգով, վտանգավոր ճանաչված խմբաքանակի իրացումմ արգելվել է և հանձնարարվել ոչնչացնել (խոտանել) այն:

Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում:

Ավելի ուշ, Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում ադրբեջանական ծագման խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել:

Պետեկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ դեռևս տեղեկություն չունի ՀՀ-ում հայտնված ադրբեջանական խնձորի մաքսանենգ ճանապարհով երկրում հայտնվելու վերաբերյալ: Ընթանում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով:

Կարդացեք նաև՝ ՊԵԿ. Մաքսավորները կաշառք էին վերցրել ադրբեջանական խնձորի ներկրումը թույլ տալու համար