Աշխարհի ամենաերկար Zip Line-ը Հայաստանում կլինի

Աշխարհի ամենաերկար Zip Line-ը Հայաստանում կլինի

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենաերկար 2,7 կմ երկարությամբ Zip Line-ը Հայաստանում կկառուցվի: Այդ մասին հայտարարել է Yell Extreme Park նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

«Մայիսի 4-ին Zip Line-ի կառուցման համար դրամահավաքը կմեկնարկի միջազգային քրաուդֆանդինգային Indiegogo հարթակում: Այն կառուցվելու է Տավուշի Ենոքավան համայնքում»,-ասել է Տիգրան Չիբուխչյանը լրագրողներին, հայտնում է «Արմենիա Նովոստին»:

Zip Line-ը թույլ է տալիս էքստրեմալ մարզաձևի սիրահարներին մի վայրից մյուսը հասնել ճոպանի և սեփական մարմնի ծանրության շնորհիվ՝ տարբեր արագությամբ անցնելով կիրճի վրայով:

Նոր Zip Line-ի երկարությունը կլինի 2680 մ, բարձրությունը՝ 200-300 մ, թռիչքի տևողությունը՝ 3 րոպե, առավելագույն արագությունը՝ 120կմ/ժ: Այժմ աշխարհի ամենաերկար Zip Line-ը Մեքսիկայում է, որի երկարությունը 2545 մ է:

Ըստ Չիբուխչյանի, նախագծի իրականացման համար $200.000 է հարկավոր: Ներդրումների կեսն արդեն իրականացվել է:«Մտադիր ենք մեկ ամսում 20.000 դոլար հավաքել: Մենք ոչ միայն ֆինանսական նպատակներ ունենք, այլ նաև ցանկանում ենք ցույց տալ, որ ամբողջ աշխարհի հայերը կարող են միանալ ընդհանուր գաղափարի շուրջ»,-ասել է Չիբուխչյանը:

Նա հայտնել է, որ նույնիսկ եթե այդքան գումար չհավաքվի, Նոր Zip Line-ը կկառուցվի մինչև հուլիսի ավարտը: Նա նշել է, որ դրամահավաքի բոլոր մասնակիցները մրցանակներ կստանան Yell Extreme Park-ից:

«Մեր նպատակն է այնպես անել, որ Ենոքավան ամեն տարի 250.000 զբոսաշրջիկ այցելի: Այժմ մենք աշխատում ենք համայնքի մինչև 2030թ. զարգացման ծրագրի վրա»,-ասել է Չիբուխչյանը:

Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը մեծապես կարևորել է նման մասնավոր նախագծերը զբոսաշրջության ոլորտում Հայաստանն ավելի ճանաչելի կդարձնեն:

«Արկածային զբոսաշրջությունը, որի բաղադրիչն է էքստրեմալ տուրիզմը, արագ զարգացող ուղղություն է, այդ ոլորտում միլիարդավոր դոլարներ են շրջանառվում»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ Հայաստանը մեծ ներուժ ունի այն զարգացնելու համար:

Yell Extreme Park-ը հիմնվել է 2015-ին Ենոքավան գյուղում: Վայրն ընտրվել է իր կլիմայական, աշխարհագրական դիրքի և ռելիեֆային առանձնահատկությունների համար: Նախագծի նպատակն է զարգացնել արկածային և էքստրեմալ զբոսաշրջությունը Հայաստանում, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծել սահմանամերձ շրջաններում և խթանել առողջ ապրելակերպը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---