ՌԴ-ն առաջարկել է Սիրիան անվտանգության 4 գոտու բաժանել՝ օտարերկրյա զորքերի տեղակայմամբ

ՌԴ-ն առաջարկել է Սիրիան անվտանգության 4 գոտու բաժանել՝ օտարերկրյա զորքերի տեղակայմամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը սիրիական կարգավորման ծրագիր է պատրաստել, որով նախատեսվում է երկիրը բաժանել անվտանգության 4 գոտու: Այդ ծրագրի շրջանակում երկրի տարածքում կարող են օտարերկրյա զորքեր տեղակայվել, գրում է «Կոմերսանտը»:

Նշվում է, որ «ապասրացման գոտիներ» է առաջարկվում ստեղծել Իդլիբ գավառում՝ Հոմսից դեպի արևելք և Սիրիայի հարավում: Այդ գոտիների ներսում կարգելվի ցանկացած տիպի զենքի կիրառումը, պայմաններ կստեղծվեն հումանիտար կազմակերպությունների գործունեության համար, միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների վերականգնման համար:

Անվտանգության գոտիների սահմանների մոտ առաջարկվում է բաժանարար գծեր ստեղծել՝ կանխելու համար փոխադարձ գնդակոծությունները: Պետք է տեղակայվեն անցակետեր խաղաղ քաղաքացիների շարժն ապահովելու, ապրանքներ առաքելու և հումանիտար օգնության համար: Բաժանարար գծերում կարող են օտարերկրյա զորախմբեր տեղակայվել: Փաստաթղթում չի նշվում, թե հատկապես որ երկրների, սակայն անվտանգության պլանի «երաշխավորներն» են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

Դաշնության խորհրդի Պաշտպանության և անվտանգության գծով կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը զրույցում չի բացառել, որ գոտում կարող են տեղակայվել ՌԴ ռազմական ոստիկանության միավորումները: Ըստ նրա, ռուս զինվորականները կարող են պահպանել կարգը, պարեկել փողոցները սիրիական ոստիկանության հետ՝ չմիջամտելով խաղաղ կյանքին:

«Կարծում եմ, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կպայմանավորվեն, կուրվագծեն անվտանգության գոտիները, որպեսզի օդից ոչ ոք չմոտենա, կվերահսկեն դրանք, ՄԱԿ թույլտվությունը դրա համար չի պահանջվում: Իսկ Սիրիայի մնացած տարածքում ռազմական գործողությունները ահաբեկիչների դեմ կշարունակվեն», -ասել է նա:

Մայիսի 3-ին Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա այդ առաջարկը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: ՌԴ իշխանությունները հուսով են, որ անվտանգության գոտիների ստեղծման մասին հուշագիրը կստորագրվի մայիսի 4-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---