Լապշինի առողջությունն ադրբեջանական բանտում վատթարացել է

Լապշինի առողջությունն ադրբեջանական բանտում վատթարացել է

PanARMENIAN.Net - Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակն ադրբեջանական բանտում վատթարացել է: Այդ մասին հայտնել է բլոգերի կինը՝ Եկատերինան իր ֆեյսբուքյան էջում:

«Ցավոք, Սաշայի վերաբերյալ տխուր նորություններ ունեմ: Թեև նա այժմ մեկուսարանի բուժկետում է գտնվում, դա նրա առողջությանը օգուտ չի տալիս: Սրտի խնդիրներին ավելացել է նաև նյարդային խանգարումը, որն ըստ տեղի բուժակի, «սթրեսի արդյունք է»: Իրականում, ախտանիշերը, որոնք Սաշան նկարագրել է, շատ վատն են՝ ցավեր գոտկատեղում, ոտքի սուր ցավ, որը թույլ չի տալիս նորմալ քայլել, նստել, մկանների կծկումներ գիշերային ժամերին: Իրականում այդ վիճակը լուրջ հետազոտման կարիք ունի, հիվանդանոցում բուժման, սակայն մեկուսարանում որոշել են սահմանափակվել ձևական ստուգումով՝ «ոտքդ բարձրացրու, ծալի, դիկլոֆենակ խմիր»,-գրել է բլոգերի կինը:

Եկատերինան այն կարծիքի է, որ ի պատասխան Ադրբեջանի արդարադատության նախարարությունը, ադրբեջանական ԶԼՄ-ները կգրեն, թե Լապշինը բողոք չունի:

«Ադրբեջանցիները կհիշեն Ասկերովին, հերթական անգամ կհանդիմանեն ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովային և...Սաշայի հին, Բելառուսում արված լուսանկարը կհրապարակեն: Չէ որ նոր լուսանկարը հեշտությամբ կարող է ցույց տալ, թե իրականում ինչ է կատարվում»,-գրել է նա:

Նա նաև նշել է, որ թեև Լապշինի առողջական վիճակը վատթարացել է, նա ծանր դեպրեսիա չունի:

Ընթերցեք նաև.ԱՄՆ-ն պահանջում է Բաքվից հետաքննել կալանավայրում բլոգեր Գալանդարովի մահվան հանգամանքները

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---