ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցել են Իրանում հանքավայրի փլուզումից զոհերի կապակցությամբ

ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցել են Իրանում հանքավայրի փլուզումից  զոհերի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:

Հանրապետության նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և համբերություն, իսկ վիրավորներին և տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Ցավակցել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին:

Հեռագրում մասնավորապես ասված է․«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Իրանի ժողովրդին: Մաղթում եմ տոկունություն զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Իրանի Գոլեստան գավառում ածուխի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, դրա հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի: Պայթյունն ածխահորում տեղի է ունեցել մայիսի 3-ին Ազադշահր քաղաքից ոչ հեռու: Ըստ Fars գործակալության, հանքահորում պայթյունի պահին 500 մարդ է եղել, պայթյունը տեղի է ունեցել հերթափոխման ժամանակ:

Ըստ տեղի ԶԼՄ-ների, ավելի քան 30 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---