«ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին

«ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին «ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը հուշագիր են ստորագրել «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով գործակցության վերաբերյալ:

«Հիմա բանակցություններ ենք վարում նաև այլ կազմակերպությունների հետ, որպեսզի ծրագրում ընդգրկված ֆինանսական կառույցների թիվն ավելանա: Շուկան բաց է, և որքան շատ լինեն մատակարարներն ու ֆինանսական կառույցները, այդքան ավելի մատչելի կլինի մեր գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների և կոոպերատիվների համար տեխնիկայի ձեռքբերումը», - իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«ԱԳԲԱ Լիզինգի» գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն իր հերթին նշել է, որ այս հուշագիրը ֆերմերներին հնարավորություն կընձեռի գյուղտեխնիկա ձեռք բերել աննախադեպ պայմաններով և հիմք կհանդիսանա իրենց բիզնեսի ընդլայնման համար:

«Վաղվանից ֆերմերներն արդեն կարող են մեզ դիմել, հնարավորինս օպերատիվ և արագ կփորձենք արձագանքել բոլոր հայտերին»,- հավելել է նա:

ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը տեղեկացրել է, որ մեծ է նաև գյուղատնտեսական գործիքների պահանջարկը:

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ: Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---