USAID-ն տեխնիկա է նվիրել Թումանյան համայնքին

USAID-ն տեխնիկա է նվիրել Թումանյան համայնքին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Թումանյան միավորված համայնքին տրամադրվել է մեկ աղբատար մեքենա, մեկ մակնիշի բեռնատար մեքենա և մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 146 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Թումանյան համայնքին կհատկացվի ևս 2 միկրոավտոբուս, որոնք կծառայեն համայնքի բնակավայրերի միջև տրանսպորտային կապը ապահովելու համար: Համայնքի բոլոր բնակավայրերում կկառուցվեն նաև կանգառներ:

Տեխնիկական միջոցները և սարքավորումները օգտագործվելու են համայնքի փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձևավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձևավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով:

Դիլիջան միավորված համայնքում 2017-18 թթ. ընթացքում կկատարվի 1.700.000 դոլարի ներդրում: Դիլիջանին արդեն տրամադրվել է են 3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 գրեյդեր, 1 թրթուրավոր տրակտոր. սանմաքրման փոշեկուլ մեքենա: Առաջիկայում համայնքը կստանա նաև 1 աղբահավաք մեքենա, 1 ձյուն մաքրող կոմունալ մեքենա, 2 ավտոաշտարակ, կկառուցվի տեխնիկայի սպասարկման կայանատեղի, հայտնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Նույն ծրագրի շրջանակներում արդեն իսկ Սյունիքի մարզի Տաթև միավորված համայնքին տրամադրվել են 2 կոմբայն, 1 ավտոգրեյդեր, 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 աղբատար մեքենա: Տեխնիկական միջոցների և սարքավորումների գնման ընդհանուր արժեքը կազմում է 166 միլիոն, 885 հազար, 750 դրամ: Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղի, ինչպես նաև կգնվեն 150 հատ աղբաման:

Խոշորացման համատեքստում կազմավորված համայնքների ներուժը մեծացնելու նպատակով ԱՄՆ կառավարության կողմից՝ ի դեմս USAID-ի (ԱՄՆ-ՄԶԳ) «Աջակցություն տեղակական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից՝ ի դեմս Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ֆինանսավորվել և ֆինանսավորվելու են նաև բազմաբնակավայր Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորայք, Մեղրի, Տեղ, Ջերմուկ, Նոյեմբերյան, Կոթի, Այրում, Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ համայնքներում ներկայացված ներդրումային ծրագրերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---