Վրաստանի ողջ տարածքում արտակարգ իրավիճակ է մտցվել

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի երեկոյան Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հրամանագիր է ստորագրել Թբիլիսիում արտակարգ իրավիճակ մտցնելու վերաբերյալ: Երկրի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի խոսքերով, դա արվել է «հեղաշրջման փորձի» կապակցությամբ: «Հռչակագրով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում ցույցերի եւ հանրահավաքների անցկացման, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում բռնության, իշխանափոխության եւ անկարգությունների կազմակերպման, ինչպես նաեւ ուժի կիրառմամբ իշխանության տապալման կոչերի համար»,-ասել է վարչապետը:



Նողաիդելին ընդգծել է, որ արտակարգ դրությունը մտցվում է միայն Թբիլիսիում: Ընդ որում «խոսքի ազատությունը» ոչ մի կերպ չի սահմանափակվում», իսկ «ԶԼՄ-ների սովորական գործունեությունը կվերսկսվի հենց որ վերականգնվի բնականոն կարգը: Սակայն լույս հինգշաբթվա գիշերը Թբիլիսիում մտցված արտակարդ դրությունը տարածվեց ողջ Վրաստանի տարածքի վրա:



Ինչպես հաղորդել է տնտեսական զարգացման նախարար Գիորգի Արվելաձեն, հատուկ պայմանների գործողության ժամկետը 15 օր է: Այդ ընթացքում սահմանափակումներ կլինեն տեղեկատվության ստացման եւ տարածման, ցույցերի, հանրահավաքների եւ գործադուլների անցկացման համար:



«Ռուսթավի-2» մասնավոր հեռուստաալիքն արդեն հրաժեշտ է տվել իր հանդիսատեսներին` խոստանալով հանդիպել երկու շաբաթից: «Նովոստի-Գրուզիայի» աշխատակիցները դեռեւս չեն կարողացել պարզել թույլատրված է արդյոք իրենց աշխատել նոր պայմաններում: Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ուժերը գրավել էին «Իմեդի» հեռուստաալիքի գրասենյակը: «Իմեդիի» հեռարձակումը դադարեցվել է: Այդ հեռուստաալիքը, որ մինչեւ վերջերս պատկանում էր գործարար Բադրի Պատառկացիշվիլուն, ակտիվորեն լուսաբանում էր Թբիլիսիում ընդդիմության գործողությունները, հաղորդում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---