Արցախի ՄԻՊ. 10 ամսում հակառակորդի կրակոցներից 20 զոհ ենք ունեցել

Արցախի ՄԻՊ. 10 ամսում  հակառակորդի  կրակոցներից 20 զոհ ենք ունեցել

PanARMENIAN.Net - 2016 թվականի մայիսի 1-ից մինչև 2017 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների արդյունքում ղարաբաղյան կողմը 20 զոհ է ունեցել: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«20 զոհը համարում ենք շատ մեծ թիվ», - ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Մելիքյանի խոսքով, իրենք բարձրաձայնում են, որ Ադրբեջանը շարունակաբար թույլ է տալիս հրադադարի ռեժիմի խախտումներ:

«Մենք պետք է կարողանանք միջազգային հանրության համար հասկանալի լեզվով մատուցել, ստեղծել տեղեկատվություն այդ խախտումների մասին, ինչն անում ենք»,- նշել է Մելիքյանը:

Նա նաև հայտնել է, որ Արցախի ՄԻՊ-ի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին հրապարակած միջանկյալ զեկույցը, որտեղ ներկայացված է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված դաժանությունները, թույլ տրված մարդու իրավունքների խախտումները, մեծ ծավալով տարածվել է, դարձել շատ կառույցներում քննարկման առարկա: Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մեր մանդատն է մեր գործառույթների շրջանակներում փաստահավաք առաքելություն իրականացնել, ամփոփել միջազգային հանրության համար հասկանալի լեզվով: Տվյալ դեպքում կազմել ենք զեկույց, հրապարակել, որը, իմ շատ գործընկերների խոսքերով, որակական հատկանիշներով տեղավորվում է միջազգային չափանիշների շրջանակներում: Մեծ ծավալով կարողացանք տարածում իրականացել ոչ միայն մենք անձամբ, այլ մեր շատ գործընկերներ, որոնց մասին տեղյակ էլ չենք: Այդպես մենք կարողացանք այս խնդիրը օրակարգային դարձնել շատ կառույցների համար, քննարկման առարկա դարձնել»,- նշել է նա:

Նա նշել է, որ շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքները, այդ մասին բարձրաձայնելու է տարբեր ուղևորությունների ժամանակ:

Խոսելով ապրիլյան պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության հետ կապած ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ ներկայացված գործերի մասին, Մելիքյանն ասել է, որ 23 գործ կոմունիկացված է, վերաբերում է Ադրբեջանի հսկողության տակ հայտնված անձանց նկատմամբ իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին: Նա նշել է, որ դեռ չեն տեսնում կոմունիկացված քաղաքացիական բնակչության ռմբակոծության հետ կապված գործերը:

«Պատահական էլ չէ, կզարմանայի, եթե Եվրոպական դատարանը հակառակ առաջնահերթությամբ շարժվեր: Շարժվել է մարդու իրավունքների կարևորության կամ նշանակության առաջնահերթությամբ»,- ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---