Արաբկիրի թաղապետ. Ծառերը հատվել են անվտանգության նկատառումից ելնելով

Արաբկիրի թաղապետ. Ծառերը հատվել են անվտանգության նկատառումից ելնելով

PanARMENIAN.Net - Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ գտնվող Վահագն Դավթյանի անվան զբոսայգում ծառերը հատվել են, քանի որ վնասված ու փտած են եղել: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը:

«Մայթեզրի ծառերի հատումը իրականացվել է Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ընկերության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության դրական եզրակացության հիման վրա: Մինչ տվյալ ծառերի հատումը տեղում կատարվել է տեղազննում, որի արդյունքում պարզվել է, որ զբոսայգու հարակից մայթեզրում առկա թվով երեք բարդիի բնամասերն ամբողջությամբ փտած են, ծառերը գտնվում են խիստ վթարային վիճակում և հնարավոր է տվյալ ծառերի տապալման վտանգ: Ըստ այդմ, անվտանգության նկատառումներից ելնելով, բոլոր ագրոկանոններին համապատասխան իրականացվել են նշված ծառերի հատման աշխատանքները»,- գրել է Վարդանյանը:

Վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ հրապարակված լուսանկարները ևս ակնհայտ փաստում են, որ հատված ծառերը, իսկապես, եղել են փտած:

«Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ վերոնշյալ այգին, որը բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրով, գտնվում է մեր մասնագետների մշտական հոգածության ներքո և հատված ծառերի փոխարեն էլ, հերթական ծառատունկի շրջանակում, Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության կողմից կտնկվեն նոր ծառեր»:

Մայիսի 5-ին ԵԼՔ դաշինքի ավագանու թեկնածու Գոհար Աբաջյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շինության դիմաց տեղակայված հատված ծառերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---