Հայ-իրանական հարաբերությունները կարող են օրինակ ծառայել բոլոր ասպարեզներում

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով եւ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարե է Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Նաջարը: «Տարածաշրջանից դուրս գտնվող երկրների մասնակցությունը միայն կբարդացնի դրությունը եւ կբազմապատկի խնդիրները»,- նշել է նա, հավելելով, որ երրորդ երկրների մասնակցությունից օգուտ չի լինի:



Իրանի պաշտպանության նախարարի խոսքերով, Թեհրանը պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար: Այդ կապակցությամբ Նաջարը նշել է ընդարձակ համագործակցության կարեւորությունն ու անհրաժեշտությունը, քանի որ տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը կարելի է հասնել միմիայն սերտ համագործակցության միջոցով: Նաջարը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման, ահաբեկչության դեմ պայքարը հանդիսանում է Իրանի քաղաքականության առաջնային ուղղությունը: Խոսելով Իրանի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունների մասին` Մոհամադ Նաջարը նկատել է, որ հայ-իրանական հարաբերությունները կարող են օրինակ ծառայել բոլոր բնագավառներում: «Երեւանի եւ Թեհրանի հարաբերությունները զարգանում են, պաշտպանության բնագավառում համագործակցության մասին այսօր ստորագրված հուշագիրը դարձել է այդ բնագավառում փոխշահավետ համագործակցության սկիզբը: Որքան շատ լինեն համատեղ ծրագրերն ու նախագծերը, այնքան շատ դա կաջակցի տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- նշել է նա:



Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նշել է, որ դեռ ծրագրեր չկան ռազմա-տեխնիկական համագործակցության ասպարեզում, սակայն կա այդ հարցի ուսումնասիրության անհրաժեշտությունը: «Այսօր օրակարգի հիմնական հարցը համագործակցությունն է թիկունքի ապահովման բնագավառում, որը եւս կարեւոր է»,- նշել է Հարությունյանը, հավելելով, որ հաշվի առնելով այն, որ Իրանը հանդիսանում է Հայաստանի հարեւանը, մեր ԶՈՒ ապահովումը Իրանից երկրի բանակի համար անգնահատելի օգնություն կլինի, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---