Ֆրանսիայի նոր նախագահն Էմանուել Մակրոնն է

Ֆրանսիայի նոր նախագահն Էմանուել Մակրոնն է

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ավելի քան 66%-ով հաղթել է Էմանուել Մակրոնը: Նորընտիր նախագահը հայտարարել է, որ իր ընտրությամբ Ֆրանսիայի պատմության «հույսի և վստահության նոր էջ» է բացվում:

«Այս երեկոյից մեր երկար պատմության մեջ բացվում է նոր էջ: Ես ուզում եմ, որ այս շրջանում մենք գտնենք հույս և վստահություն»,- ասել է Մակրոնը, հաղորդում է Ռիա նովոստին:

Նախագահի մյուս թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը շնորհավորել է ընտրություններում իր մրցակցին հաղթանակի առթիվ:

«Ֆրանսիացիներն ընտրել են Ֆրանսիայի նոր նախագահ՝ քվեարկելով շարունակության (նախորդ ընթացքի) օգտին: Ես զանգահարել եմ պարոն Մակրոնին, որպեսզի շնորհավորեմ նրան ընտրվելու առիթով»,- ասել է նա:

35,4 միլիոն քվեաթերթիկի (99,99 տոկոս) հաշվարկի արդյունքում Մակրոնին կողմ է քվեարկել 20,7 միլիոն ընտրող (ընտրողների 66,06 տոկոսը), Մարին Լե Պենին՝ 10,6 միլիոն ընտրող (ընտրողների 33,94 տոկոսը): Սպասվում է, որ Սահմանադրական խորհուրդը կհաստատի ընտրությունների վերջնական արդյունքներն այս շաբաթվա կեսեին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին:

«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր և շարունակական ջանքերը Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։

Մեծապես կարևորում եմ Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական ընտանիքին Հայաստանի մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությանը»,- նշել է Սարգսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---