Եվրամիության առաքելությունը Վրաստանում ժամանակավորապես փակվել է

PanARMENIAN.Net - Եվրամիության առաքելությունը Վրաստանում ժամանակավորապես փակ է, հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանա Հոմանը: Նրա խոսքերով, նախազգուշական այդ միջոցը ձեռնարկվել է ԵՄ առաքելության անձնակազմի անվտանգության ապահովման համար: Քրիստիանա Հոմանը նշել է, որ ԵՄ-ն ուշադիր հետեւում է հանրապետության իրավիճակին, որտեղ նախօրեին ցրվել է ընդդիմության հանրահավաքը: Ինչպես հաղորդվում է, Եվրամիությունը կոչ է արել բոլոր հակամարտող կողմերին խուսափել ուժի կիրառումից եւ մնալ սահմանադրական շրջանակներում:



Վրաստանի վերջին իրադարձությունների վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել որոշ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաան դե Հոոպ Սխեֆերը, մասնավորապես, նշել է, որ արտակարգ իրավիճակի ռեժիմը «չի համապատասխանում եվրաատլանտյան չափանիշներին»:



Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր կողմից հայտարարել է, որ հանրապետությունում «կոպտորեն խախտվել են մարդու իրավունքները»: Միեւնույն ժամանակ Թբիլիսիում ՌԴ դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով: «Շենքի շուրջ իրադրությունը հանգիստ է, ոստիկանության լրացուցիչ ուժեր չեն բերվել»,-հայտարարել է դիվանագիտական առաքելության աշխատակիցը:



Ներկայումս Վրաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Հանրահավաքներն ու ցույցերն արգելված են, ԶԼՄ-ներն աշխատում են սահմանափակ ռեժիմով: Ինչպես ակնկալվում է, այդ միջոցների կիրառումը կտեւի 15 օր, հաղորդում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---