10 մայիսի 2017 - 11:17 AMT
Թուրքիայի դեսպանին Իսրայելի ԱԳՆ են կանչել Երուսաղեմի մասին Էրդողանի խոսքերից հետո

Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար:

Էրդողանը կոչ է արել մահմեդականներին «որքան հնարավոր է հաճախ այցելել Ալ Աքսա մզկիթը», որը գտնվում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա, քանի որ «ամեն մի օրը, երբ Երուսաղեմը Իսրայելի օկուպացիայի տակ է», «վիրավորական է» իրենց համար: Նա նաև քննադատել է Իսրայելի օրինագիծը, որով արգելք է սահմանվում ուշ երեկոյան և վաղ առավոտյան մահմեդականներին աղոթքի ավանդական կանչի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին Jerusalem Post-ի վրա հղումով:

«Նրանք, ովքեր սիստեմատիկաբար խախտում են մարդու իրավունքները սեփական երկրում, չպետք է դասեր տան տարածաշրջանի միակ ժողովրդավարությանը»,-մեջբերում է պարբերականը Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Էմանուել Նաչսոնի հայտարարությունը:

Երբեմնի ռազմավարական գործընկերներ Թուրքիան և Իսրայելը հեռացան իրարից, երբ Անկարայում իշխանության եկան իսլամիստները, որոնք վերկողմնորոշեցին երկրի արտաքին քաղաքականությունը եվրոպական ինտեգրումից արաբա-մահմեդական աշխարհում դիրքերն ամրապնդելու ուղղությամբ: Փոխադարձ սառեցման գագաթնակետը դարձավ «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը: