
Հրազդան գետի վրա փրփուրի հայտնվելու պատճառները պարզվել են, մեղավորներին փնտրում են, լրագրողներին հայտնել է Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
«Լաբորատոր հետազոտությունների նախնական տվյալներով, գետում հայտնաբերվել է մեծ քանակությամբ մաքրող և լվացող միջոցներ, ինչի առթիվ կստուգվեն գետի հունի երկայնքով գործող բոլոր կազմակերպությունները»,- ասել է Մինասյանը՝ ընդգծելով, որ այդ միջոցները մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, գրում է Նովոստի Արմենիան։
Երևանում Հրազդանի կիրճին հարող տների բնակիչներն ապրիլի վերջին դիմել են Բնապահպանության նախարարություն և հայտնել, որ Հրազդան գետի վրա տարօրինակ փրփուր է հայտնվել։ Ահազանգները բնապահպանության նախարարությունում ստացվել են ապրիլի 28-ին և մայիսի 6-ին, որոնց հիման վրա գերատեսչության փորձագետները ջրառ են կատարել` լաբորատոր հետազոտություն իրականացնելու նպատակով։
Նախարարը միաժամանակ նշել է, որ դա բնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ ջրահեռացման և ջրամատակարարման արդյունավետ մեխանիզմի և համակարգի բացակայության հետևանք է։