11 մայիսի 2017 - 13:29 AMT
ՊԵԿ ղեկավար. Ադրբեջանական խնձորը չի նկատվել, որովհետև կաշառք են տվել

Ադրբեջանական խնձորը մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծելու հարցում մեղքի բաժին ունի ոչ միայն այն մաքսավորը, որը կաշառվելով թողել է՝ խնձորը մտնի հանրապետություն, այլև՝ կաշառողը, խնձոր ներկրողը, ինչպես նաև այն խանութները, որոնք թույլ են տվել վաճառել խնձորները՝ տեսնելով դրանց վրա ադրբեջաներեն գրառումները: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը՝ երևույթը գնահատելով «շատ բացասական»:

«Ես թե մեր աշխատողների, թե ներմուծողների, թե վաճառողների ցինիզմը շատ վատ եմ գնահատում», - ասել է նա:

Լրագրողի հարցին, թե ինչպես է ստացվել, որ սահմանին ներկրվող «Իգլան» մաքսայինում նկատվել է, իսկ խնձորները՝ ոչ, Վարդան Հարությունյանը պատասխանել է՝ «Խնձորը չնկատվեց, որովհետև կաշառք են տվել»:

Նրա խոսքերով՝ ԱԱԾ-ի կողմից կատարված միջոցառումների արդյունքում այդ դեպքը բացահայտվել է, գործն էլ գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում:

«Այսօր ես չեմ կարող հրապարակել կոնկրետ անուններ, քանի որ նրանց մեղքն ապացուցված չէ, քննության փուլում է»,- նշել է Հարությունյանը:

Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ՝ ադրբեջանական ծագման խնձոր ներկրելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի: