12 նոյեմբերի 2007 - 14:05 AMT
Փորձագետները Հայոց ցեղասպանության մասին. Թուրքերը հուսով են, որ ժամանակը կթուլացնի փաստարկներն ու հիշողությունը
ԱՄՆ Կոնգրեսում կարծիք կա, թե այժմ ամենապատեհ պահը չէ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քննարկման համար Իրաքում ստեղծված վիճակի եւ քրդերի պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ դիվանագիտական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Ալեքսանդերը` մեկնաբանելով Ռեջեփ Թաիփ Էրդողանի այն ցանկությունը, որ «ԱՄՆ Կոնգրեսը մի կողմ դնի այդ բանաձեւը եւ ընդհանրապես դադարեցնի այդ բանաձեւի քննարկումները»: «Կարեւորն այն է, որ բանաձեւը սառեցվի: Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիայի գիտնականները եկան այդ եզրակացության: Դա ուղղակի Թուրքիայի կողմից փորձ է կասեցնել բանաձեւի ընդունումն այնքան ժամանակ, մինչեւ, որ, ի վերջո, կվախճանվեն Ցեղասպանությունը վերապրածները, եւ կծերանան նրանց երեխաները, ինչպես օրինակ, ես»,-ասել է պաշտոնաթող դիվանագետը:

Պատմաբան Թաներ Աքչամը նշել է, որ բանաձեւը միաժամանակ եւ կարեւոր է եւ կարեւոր չէ: «Կարեւոր չէ, քանի որ դա կլինի հոգեբանական հաղթանակ եւ դրանով ոչինչ չի լուծվի: Կարեւոր է, որովհետեւ Թուրքիան պետք է հասկանա, որ սպառնալով իր քաղաքական ռազմավարական ուժով, նա չի լուծի իր խնդիրների ցուցակը: Օրինակ, Թուրքիան չի կարողանա դառնալ Եվրամիության անդամ, եթե երկրում պատմական իրադարձություններից խոսելը հանցագործություն է: Հիմարություն է կարծել, թե տարբերություն կա Հայաստանի հայերի եւ սփյուռքահայերի միջեւ: Նրանք բոլորն ասում են, որ Ցեղասպանություն գործածները պետք է ճանաչեն իրենց պատմությունը»,-գրում է Medill Mews Service-ը: