Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն կարող է անցկացվել աշնանը

Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն կարող է անցկացվել աշնանը

PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն կարող է անցկացվել 2017-ի հոկտեմբեր-նոյեմբերին: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրաքյան Քրդստանի Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Հոշավի Բաբաքրը:

«Հանրաքվեն կարող է աշնանն անցկացվել: Կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն դա կլինի աշնանը, մոտավորապես նոյեմբերին, գուցե՝ հոկտեմբերին»,-ասել է Բաբաքրը՝ պատասխանելով անկախության հանրաքվեի անցկացման ժամկետների մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրաքյան Քրդստանն ինքնավար կազմավորում է Իրաքի կազմում, որի կարգավիճակն ամրագրված է երկրի սահմանադրության մեջ:

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին մարտին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը հայտնել էր, որ հանրաքվեն ԻՔ անկախության մասին կանցկացվի մոտ ապագայում:

Ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ հանրաքվե կանցկացնի անկախության մասին նույնիսկ առանց Բաղդադի հավանության: «Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է: Չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրավունքը, իսկ եթե անի, մեզ միևնույն է դա չի կանգնեցնի»,-ասել էր նա:

Իրաքյան Քրդստանն, անտեսելով Արևմուտքի հորդորները, վերջին շրջանում բազմիցս է խոսել անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Նման հնարավորության մասին Բարզանին հայտարարել էր դեռևս 2014-ի հուլիսի 1-ին: Մեկ տարի անց նա հայտարարեց, որ հանրաքվեն կանցկացվի ԻՊ դեմ մարտական գործողությունների հաջող ավարտից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---