Ռոբերտ Ֆիսկ. Թուրքիայի ճնշման տակ Ջորջ Բուշը առյուծից վերածվեց գառնուկի

PanARMENIAN.Net - «Նախագահ Ջորջ Բուշը, չարիքի դեմ պայքարի խաչակիրը, որ հռչակել է իրեն ահաբեկչության դեմ հավերժ պայքարող մարտիկ, թուրք գեներալների եւ միլիոնավոր դոլարների ճնշման տակ, որ ծախսվել են թուրքական Հոլոքոսթը լռության մատնելու համար, առյուծից վերածվել է գառնուկի: Եվ նույնիսկ ոչ թե գառնուկի, որովհետեւ գառնուկը անմեղության մարմնացում է, այլ մի փոքրիկ էակի, որը նույնիսկ առնետի նման չէ, այլ փոքր մկնիկ է հիշեցնում»,-գրում է հայտնի բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը «Ինդիփենդընթ» թերթում: Նա հիշեցնում է, որ 1915 թվականին Օսմանյան Թուրքիան ցեղասպանություն գործեց մեկ ու կես միլիոն քրիստոնյա հայերի դեմ: «Կան լուսանկարներ, դիվանագետների վկայություններ, օսմանյան փաստաթղթեր, Առաջին համաշխարհային պատերազմից հետո հանցագործների դատավարություններ, Ուինսթոն Չերչիլի եւ Լլոյդ Ջորջի զեկույցները 1915 եւ 1916 թվականներին, որոնք հաստատում են Հայոց ցեղասպանությունը: Սակայն թուրքերը թույլ չեն տալիս մեզ խոսել այդ մասին: Նրան շանտաժի են ենթարկում Արեւմուտքը, ներառյալ Մեծ Բրիտանիան, իսկ այժմ նաեւ ԱՄՆ-ն խոնարհվում են այդ ամոթալի ժխտման առջեւ: Նրանք ստեր են տարածում այն մասին, որ հայերը դարձան քաղաքացիական պատերազմի զոհեր, քանի որ եղել են Ռուսաստանի դաշնակիցները Թուրքիայի դեմ»,-նշում է Ֆիսկը: Նա ընդգծում է, որ նախկին կոնգրեսական, Լուիզիանայից ընտրված հանրապետական Ռոբերտ Լիվինգստթոնը 12 մլն դոլար է ստացել Թուրքիայից 106-րդ բանաձեւին հակազդելու արշավի կազմակերպման համար: «Նա անձամբ է ուղեկցել թուրք պաշտոնյաներին Կապիտոլիում` կոնգրեսականների վրա ճնշում գործադրելու համար»,-ընդգծում է բրիտանացի լրագրողը եւ հարցնում. «Ո՞վ կարող էր մտածել, որ արեւմտյան աշխարհի առաջնորդը, որը պայքարում է համաշխարհային ահաբեկչության դեմ, կդառնա Սպիտակ տան Դեւիդ Իրվինգը»:



Հիշեցնենք, որ Դեւիդ Իրվինգը անգլիացի գրող է, ում «հռչակ բերեցին» իր գրքերը, որտեղ արտացոլվեց նրա ոչ ավանդական տեսակետը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերաբերյալ, որտեղ, մասնավորապես, ժխտվում էր Հոլոքոսթը: Իրվինգին արգելված է մուտքը Գերմանիա, Ավստրիա, Ավստրալիա եւ Նոր Զելանդիա: 2006 թվականի փետրվարի 20-ին ավստրիական դատարանը դատապարտեց նրան 3 տարվա ազատազրկման Հոլոքոսթի ժխտման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---