2 հոկտեմբերի 2002 - 22:37 AMT
ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Ադրբեջանը պահպանում է իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու անհրաժեշտության մասին, եւ, ամենայն հավանականությամբ, այդ առնչությամբ որեւէ փոփոխություն չի լինի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, մի շարք ադրբեջանցի պատգամավորների երեկ հնչած ելույթների առնչությամբ` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ցանկացած միջազգային այլ կազմակերպության միջնորդական ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ: Ընդ որում, պատգամավորները մեղադրել են ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովին եւ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովին Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մեջ` կոչ անելով այլեւս չընդունել Բաքվում ռուսաստանցի միջնորդներին: Ադրբեջանցի պատգամավորների կարծիքով, հակամարտության միակ ընդունելի լուծումը ուժային մեթոդների մեջ է: