14 մայիսի 2017 - 13:11 AMT
Ժամը 11:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է ընտրողների 11.19 %-ը

Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 94.256 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 11.19 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով:

Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է՝ 842.147:

Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ դաշինքի շտաբի պետ Էդմոն Մարուքյանն արդեն իսկ հայտարարել է, որ իրենց մտահոգում է ընտրություններին քաղաքացիների ցածր մասնակցությունը։

«Ըստ եկող տվյալների՝ այս պահին շատ ցածր է քվեարկությանը մասնակցող քաղաքացիների թիվը։ Սա մտահոգիչ է», - ասել է Մարուքյանը, հաղորդում է Aysor.am-ը։

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: