14 մայիսի 2017 - 13:39 AMT
Տարոն Մարգարյան. ԵԼՔ-ի ներկայացրած փաստաթղթերն իմ ու շտաբի հետ կապ չունեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությանը մասնակցել է ընտանիքի անդամների՝ մոր, կնոջ, քույրերի ու որդիների հետ: Նա ընտրել է 1/19 տեղամասում՝ քվեարկելով «հանուն Երևանի»:

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԵԼՔ դաշինքի կողմից տարածված նյութերին, ՀՀԿ-ական գործիչն ասել է, որ եթե իրավախախտումներ կան, թող դիմեն իրավապահ մարմիններին: Ասել է՝ նյութերը որևէ կապ չունեն իր ու նախընտրական շտաբի հետ:

«Մենք կոչ ենք արել մեր բոլոր մրցակիցներին նորմալ քարոզչություն իրականացնել, մեկս մեկի վրա ցեխ չշպրտել: Դա նրանց մոտեցումն է: Դուք տեսաք, Հանրապետական կուսակցությունը իր քարոզչությունը ոնց տարավ: Մենք գնահատում ենք քարոզչությունը շատ նորմալ, և մի քանի ժամ անց դուք կտեսնեք արդյունքները»,-ասել է Մարգարյանը, գրում է Panorama.am-ը:

Գործող քաղաքապետը չի պատասխանել տրանսպորտի վիճակի ու այդ ոլորտում անելիքների մասին հարցին՝ ասելով՝ դրա մասին խոսել է քարոզչության ընթացքում: Չի պատասխանել նաև իր ունեցվածքի մասին հարցին՝ խորհուրդ տալով վերցնել ու ուսումնասիրել իր ներկայացրած հայտարարագիրը:

Հարցին, թե ինչու է խուսափել Փաշինյանի հետ բանավեճից, Մարգարյանն ասել է, որ ավելի հակված են եղել բակային հանդիպումների ընթացքում բնակչությանը ներկայացնել իրենց ծրագիրը, ինչպես նաև հաշվետու լինել կատարած աշխատանքների համար:

«Բակային մոտ 100 հանդիպում ենք ունեցել երևանցիների հետ: Մենք չենք խուսափել, սա մեր մոտեցումն է եղել»,-ասել է քաղաքապետը:

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Կարդացեք նաև՝Վարչապետ. Տարոն Մարգարյանից լավ քաղաքապետի թեկնածու չկա

Նախագահ. Եթե Մարգարյանը վերընտրվի, Երևանը կդառնա ավելի լավը