14 մայիսի 2017 - 14:35 AMT
Փաշինյան. Հուսով ենք՝ քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը

ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանու ավագանու ընտրությանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ընտրակաշառքի բաժանաման համատարած խնդիր կա։

«Ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են նաև քաղաքացիները, և մենք հույս ունենք, որ նրանք կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը», - նշել ե Փաշինյանը։

Անդրադառնալով ԿԸՀ ներկայացված դիմումին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք իրենց հույսը չեն դնում ԿԸՀ-ի վրա, գրում է Aysor.am-ը։

«Մենք ինքներս կփորձենք մեր ուժերի ներածին չափով այդ գործերում հետևողական լինել, որպեսզի այն համապատասխան ընթացք ստանա և մեր վերին ատյանը հանրությունն է, ժողովուրդն է, որ այս դատում դատավոր կանգնի», - նշել է քաղաքապետի թեկնածուն։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ժողովուրդն ինքը պետք է ընտրի ինչպիսի դատավոր է՝ Մնացական Մարտիրոսյա՞ն է, թե՝ ոչ։

Խոսելով ընտրություններից ունեցած իր ակնկալիքների մասին՝ ԵԼՔ-ի քաղաքապետի թեկնածուն ասել է, հաղթանակ են ակնկալում։

«Ինձ համար ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի ՀՀԿ-ն որևէ շանս չի կարող ունենալ ոչ միայն այս, այլ որևէ ընտրություններում, բայց, այնուամենայիվ, խորհրդարանական ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ ընտրակաշառքով կարողանում են մարդկանց ուղղորդել դեպի իրենց քվեարկել», - նշել է նա:

Կընդունե՞ն ընտրությունների արդյունքները հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ ինչ արդյունք եղավ, արձանագրելու են, ի գիտություն են ընդունելու։

«Որովհետև եթե լցոնումներ չկան, եթե քվեաթերթիկների գողություններ չկան, տեղամասերում բռնություններ չկան, եթե մարդը ննջարանում կամ բաղնիքում ստացել է ինչ-որ բան և որոշել է քվեարկել, ինքն իր ընտրությունը արել է, ես չեմ ուզում խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի Սերժ Սարգսյանի ու ընտրակաշառք վերցնող քաղաքացու իդիլիան որևէ կերպ խախտեմ, բայց, մյուս կողմից մենք պայքարելու ենք, որ քաղաքացուն բերենք այլ գաղափարական դաշտ», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: