14 մայիսի 2017 - 14:56 AMT
ԿԸՀ-ն ոստիկանությունից Մարգարյանի շտաբին ուղղարկված ֆաքսի մասին կխոսի ընտրություններից հետո

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ոստիկանությունից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբ ուղարկված ֆաքսի ու ՊՊԾ գնդի հրամանատարների ներկայացրած ցուցակների մասին լուրերը կմեկնաբանի ավագանու ընտրություններում քվեարկության ավարտից հետո:

«Առավոտի» հաղորդմամբ, Մուկուչյանը մայիսի 14-ին առանց հարցը լսելու ընդհատել է լրագրողին ու ասել. «Նկատի ունենալով, որ երեկ և այսօր լռության օր է, եկեք հարցերի պարագայում կոնկրետացում չիրականացնենք: Դա չի նշանակում, որ մենք չունենք պարզաբանում ցանկացած հարցի վերաբերյալ, բայց չէի ցանկանա գնահատականներ հնչեցնել ներկայացված փաստաթղթերի ու դրանց որակի վերաբերյալ, որ ավելորդ չգնահատվի այս կամ այն քաղաքական ուժին դեմ կամ կողմ քարոզչություն, քարոզչության ավարտից հետո կներկայացնենք պարզաբանումներ»:

Մայիսի 12-ին ԵԼՔ դաշինքից պատգամավոր ընտրված Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է, իր խոսքով, ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Արաբկիրի շտաբի մերձակայքում աղբում գտնված փաստաթղթեր: Դրանցից մեկը, ըստ Միրզոյանի, ՊՊԾ գնդի ծառայողների ցուցակ է՝ ձայների մասին հաշվետվությամբ, մյուսը՝ տարածքների բարեկարգման վերաբերյալ խոստումների ցանկ, երրորդը՝ գումար բաժանելու վերաբերյալ շտաբի ակտիվիստների համար նախատեսված ուղեցույց: