14 մայիսի 2017 - 17:33 AMT
ՀՀԿ շտաբերից մեկում «Ազատության» լրագրողի նկատմամբ բռնություն են կիրառել

Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբերից մեկում հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, քաշքշել ու հարվածել նրան։

Լրագրողը նկատել է, որ շտաբ են բերում մի շարք քաղաքացիների, մի քանի րոպե հետո նրանք դուրս են գալիս, առանձնանում շտաբի մոտակայքում։ Լրագրողը տեսել է, թե ինչպես է շտաբից դուրս եկած քաղաքացիներից մեկը պայուսակից գումար հանում և բաժանում նրանցից մի քանիսին։ Այդ քաղաքացիներին ուղեկցող մի մարդ նրանց հարցնում է. «Ընտրեցի՞ք Տարոնին»։ Տարեց մի կին պատասխանում է. «Այո, ընտրել ենք», - հավելելով. «Վերև Աստված կա»։

Նկատելով, որ նոր մարդիկ են մտնում շտաբ, լրագրողը նույնպես մտնել է ներս։ Շտաբում իրարանցում է սկսվել։ Սեղանի շուրջ նստած մարդիկ հավաքել են թղթերը։ Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ թղթեր էին, ներկաները պատասխանել են, որ քաղաքացիներին խմորեղենի` բեզեի բաղադրատոմս են տալիս։

Քիչ անց շտաբում գտնվող տղամարդկանցից մի քանիսը սկսել են վիրավորել լրագրողին, քաշքշել ու փորձել խլել նրանից հեռախոսը և ի վերջո ընդհատել են նկարահանումը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Տղամարդկանցից մեկը գլխարկով հարվածել է Գաբրիելյանի ճակատին։ Քիչ անց շտաբ է եկել մի տղամարդ, որը ներկայացել է որպես «ՀՀԿ գործող ավագանի»։ Սկզբում նա նույնպես սպառնալիքներ է հնչեցրել, քիչ անց արդեն դուրս է հրավիրել բոլորին ու վերջիններիս անունից ներողություն խնդրել Գաբրիելյանից։

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: