14 մայիսի 2017 - 18:15 AMT
Մուկուչյանը՝ Փոստանջյանի միջադեպի մասին․ Խոչընդոտել է շտաբի աշխատանքը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է Ավանում Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպին։

«Քվեարկությա օրը յուրաքանչյուր կուսակցություն կազմակերպում է իր աշխատանքը, այդ աշխատանքը կազմակերպում է նաև իր ընտրական շաբերի միջոցով:

Գիտեք, այդպես մուտք գործել ընտրական շտաբեր, խոչընդոտել այդ աշխատանքների կատարմանը, թույլ չտալ, որպեսզի մեկ այլ գործընթացի մասնակից կուսակցություն լիարժեք իրականացնի իր պասիվ ընտրական իրավունքը եւ այլն: Պետք է նկատել, որ սա ևս անթույլատրելի արարք է»,- ասել է Մուկուչյանը՝ պատասխանելովՓոստանջյանի կողմից ՀՀԿ շտաբ մուտք գործելու միջադեպի վերաբերյալ հարցին, գրում է Armtimes.com-ը։

Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ու գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների միջև կոնֆլիկտ է ծագել: Միջադեպը տեղի է ունեցել Ավանում՝ Տարոն Մարգարյանի գործող նախընտրական շտաբերից մեկում: Փոստանջյանը «Ազատություն» եթերում պնդել է, որ շտաբի սեղաններից մեկի դարակում ընտրակեղծարարությունը փաստող ցուցակներ կան ու պահանջել է բացել այն, սակայն ՀՀԿ-ականները հրաժարվել են:

Տեղ ժամանած ոստիկանության ներկայությամբ կոնֆլիկտը շարունակվել է, Փոստանջյանն ու իր դուստրը նստել են նշված սեղանի վրա` պահանջելով բացել դարակներն իր ներկայությամբ, որպեսզի ակնհայտ դառնա դրանց պարունակությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները հրաժարվել են լքել շտաբի տարածքը` հայտարարելով, որ չեն վստահում ոստիկանությանը:

Որոշ ժամանակ անց ոստիկաններն ուժով հանել են տարածքից լրագրողներին ու «Երկիր Ծիրանիի» անդամներին, այդ թվում` Փոստանջյանին։

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։ Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Կարդացեք նաև՝ Փոստանջյանի դուստրը հոսպիտալացվել է