15 մայիսի 2017 - 12:19 AMT
Դինքի գործով վկա. Սպանությունը Գյուլենի կողմնակիցների առաջարկն էր

Թուրքական դատարանը «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով ընթացող դատավարությանը մայիսի 14-ին վկայություն է տվել Թուրքիայում հանցավոր խմբի պարագլուխ Քյուրշաթ Յըլմազը:

Նա սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել` պնդելով, թե Թուրքիայում ահաբեկչական համարվող «Հիզմեթ» խմբավորման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներն Անկարայում նրան առաջարկել են կազմակերպել Դինքի սպանությունը, Gazetevatan-ին հղումով հաղորդում է Yerkir.am-ը:

Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում նախորդ տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Թուրքիան ջանքերը չի խնայում՝ իրականացնելու ամերիկաբնակ Գյուլենի արտահանձնումը:

Յըլմազը նշել է, որ Դինքի սպանությունից առաջ նրան հանդիպման են հրավիրել «Հիզմեթի»՝ Անկարայում գործող ներկայացուցիչներից մեկի` ոմն իմամ Իսմայիլ Է.-ի հետ ու խոսել Դինքի մասին: «Իսմայիլ Է.-ն ասաց, որ Դինքը փորձում է Թուրքիայում հայկական լոբբին ակտիվացնել: Ասացին, որ Դինքը մեծ վտանգ է ներկայացնում այս երկրի համար, և առաջարկեցին ստանձնել նրա սպանության գործը», - ասել է նա:

Յըլմազի խոսքով՝ Իսմայիլ Է.-ն իր հետ խոսել է նաև ձախակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող քուրդ ալևիների մասին և նշել նրանց համայնքի ականավոր գործիչներին ոչնչացնելու անհրաժեշտության մասին:

«Երբ չընդունեցի նրանց առաջարկը` սկսեցին իմ և ընկերուհուս՝ Թուղբա Օզայի դեմ թակարդ լարել», - ասել է նա՝ պատմելով, թե իբր գյուլենականներն «իրենց ուժը ցուցադրելու համար» ցույց են տվել այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ էրդողանի նստավայրն ու ասել. «Եթե ուզենք` այստեղից վարչապետին անգամ կխփենք»:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները Դինքի սպանության գործը փորձում են բարդել ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ մեղադրվող` Էրդողանի գլխավոր ընդդիմադիր, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի վրա:

Կարդացեք նաև՝ Դինքի սպանության գործով Գյուլենին ձերբակալելու որոշում կա