15 մայիսի 2017 - 15:14 AMT
Ապրիլյան պատերազմի հերոսների մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է

Երևանում տեղի է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված «13» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «13» վավերագրական ֆիլմը պատմում է 104 հերոսից 13 սյունեցիների՝ Արմեն Հովհաննիսյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Սեդրակ Ասրյանի, Գագիկ Փարսադանյանի, Արմեն Գասպարյանի, Սերգեյ Դանղյանի, Եղիշե Նիկալյանի, Կարո Համբարձումյանի, Մայիս Միրզոյանի, Արմեն Բեգլարյանի, Դավիթ Սարգսյանի, Նարեկ Մկրտչյանի, Նորայր Գասպարյանի մասին: Վերջին երկուսը ժամկետային զինծառայողներ են, մյուսները՝ կամավորներ:

Ֆիլմում 13 հերոսների հարազատները պատմում են նրանց մասին, նրանց կյանքի վերջին օրերի մասին: Բոլոր նրանք, իմանալով պատերազմի մասին, անմիջապես մեկնել են առաջնագիծ, հայտնում է Նովոստի Արմենիան:

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել: