15 մայիսի 2017 - 15:02 AMT
Փոստանջյանի մասնակցությամբ դեպքի քննությունը շարունակվում է

Մայիսի 14-ին Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպի քննությունը շարունակվում է: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին ոստիկանությունից:

«Քննություն շարունակվում է, հավելյալ տեղեկատվություն չկա», - ասացին ոստիկանությունից:

ԵԼՔ դաշինքի կողմից ֆիքսված ընտրակաշառք բաժանելու դեպքի հետ կապված ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակված ծառայողական քննությունը նույնպես շարունակվում է:

Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ու գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների միջև կոնֆլիկտ է ծագել: Միջադեպը տեղի է ունեցել Ավանում՝ Տարոն Մարգարյանի գործող նախընտրական շտաբերից մեկում: Փոստանջյանը «Ազատություն» եթերում պնդել է, որ շտաբի սեղաններից մեկի դարակում ընտրակեղծարարությունը փաստող ցուցակներ կան ու պահանջել է բացել այն, սակայն ՀՀԿ-ականները հրաժարվել են:

Տեղ ժամանած ոստիկանության ներկայությամբ կոնֆլիկտը շարունակվել է, Փոստանջյանն ու իր դուստրը նստել են նշված սեղանի վրա` պահանջելով բացել դարակներն իր ներկայությամբ, որպեսզի ակնհայտ դառնա դրանց պարունակությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները հրաժարվել են լքել շտաբի տարածքը` հայտարարելով, որ չեն վստահում ոստիկանությանը:

Որոշ ժամանակ անց ոստիկաններն ուժով հանել են տարածքից լրագրողներին ու «Երկիր Ծիրանիի» անդամներին, այդ թվում` Փոստանջյանին։

Մայիսի 11-ի երեկոյան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբերից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20.000 դրամներ:

«Ինձ համար վստահելի քաղաքացուհին տեսել է, որ Տարոն Մարգարյանի՝ Արարատյան մասիվում, Կուրղինյան փողոցում գտնվող շտաբում 20 հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ։ Սա հաղորդում է հանցագործության մասին», - գրել էր նա։