Ռոբերտ Քոչարյանը բարձր է գնահատել հայ-բուլղարական համագործակցության մակարդակը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւին: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայ-բուլղարական համագործակցության ներկա մակարդակը, եւ նշել, որ ավանդական կապերը, հոգեւոր-մշակութային ընդհանրություններն ավելի են մերձեցնում երկու երկրներին ու ժողովուրդներին: Կողմերը քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների ողջ շրջանակը` հատկապես կարեւորելով տնտեսական գործակցության հետագա ակտիվացումը: Նրանք անդրադարձել են նաեւ Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում երկու երկրների փոխգործակցության հնարավորություններին: Սերգեյ Ստանիշեւն ընդգծել է, որ անցած ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում սա Բուլղարիայի վարչապետի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, ինչը երկկողմ համագործակցությունն ավելի բովանդակալից դարձնելու կառավարության բարի կամքի վկայությունն է:



Բուլղարիայի վարչապետը երկու երկրների հարաբերություններում առանձնահատուկ դեր է վերապահել բուլղարահայ համայնքին, որի անդամները, նրա խոսքով, լիովին ինտեգրված են հասարակության մեջ եւ մեծ մասնակցություն ունեն երկրի կյանքի տարբեր ոլորտներում: Հանդիպմանը խոսվել է նաեւ մշակութային փոխգործակցության մասին: Նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2004թ Բուլղարիայում անցկացված Հայկական մշակույթի օրերի օրինակով, հաջորդ տարի Հայաստանում անցկացնել բուլղարական մշակույթի օրեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---