Բաց նամակ վարչապետին. Մեղրու բուժկենտրոնը շարունակում է մնալ «սպանդանոց»

Բաց նամակ վարչապետին. Մեղրու բուժկենտրոնը շարունակում է մնալ «սպանդանոց»

PanARMENIAN.Net - Մոտ 300 մեղրեցի բաց նամակով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ուշադրություն հրավիրելով առողջապահության ոլորտում համայնքում ստեղծված իրավիճակին։ Նամակում, մասնավորապես, ասված է.

«Ձեզ են դիմում սահմանամերձ Մեղրու մի խումբ բնակիչներ։ Նախորդ տարվա գարնանը ՀՀ նախագահի մասնակցությամբ մեր քաղաքում բացվեց «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարագի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում բացված կենտրոնը, որը միավորեց «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ները և որի կառուցման համարներդվեց 1.62 մլրդ դրամ, հագեցած է ժամանակակից տեխնիկայով և լավ կահավորված է։ Նման հնարավորություններով աննախադեպ կենտրոնի բացումը մարզում հույս ներշնչեց մեզ, որ սահման պահող մեր բնակչության համար ի վերջո կլուծվի լրջագույն օրախնդիր դարձած բուժօգնության հարցը։

Սակայն ավաղ, ավելի քան մեկ տարվա գործունեությունը ցույց տվեց, որ հիվանդանոցը շարունակում է մնալ «սպանդանոց», ու մենք առողջական ամենաչնչին հարցերի դեպքում էլ ստիպված ենք կրկին բռնել մայրաքաղաքի կամ մոտ գտնվող այլ քաղաքների (Կապան, Գորիս) ճանապարհը»։

Նշվում է, որ բժշկական անձնակազմի՝ նեղ մասնագետների պակասի, իսկ եղած մասնագետների թերևս ոչ բավարար պատրաստվածության հետևանքով վերջին դժբախտ դեպքը գրանցվել է օրերս, երբ հիվանդանոցում մահացավ երկու անչափահասների հայր, քառասունամյա Սուրեն Սարգսյանը։ «Սա վերջին, բայց ոչ եզակի դեպքն է, որից հետո ողջ բնակչության շրջանում կրկին բարձրացվում է չարաբաստիկ հարցը՝ ո՞վ է հաջորդը, ո՞ւմ հարազատը, երեխան կամ ծնողն, այսպես այլևս չի կարող շարունակվել…»,-ասվում է նամակում:

Նամակի հեղինակները խնդրում են վարչապետին ուսումնասիրել բուժհաստատությունում ստեղված իրավիճակը և միջոցներ ձեռնարկել՝ պարզելու, ինչո՞ւ տարածաշրջանային նշանակություն ունեցող հիվանդանոցում այդպես էլ չեն լուծվում այնքան կարևոր կադրային խնդիրները, և եկած որակյալ երիտասարդ կադրերը, «չդիմանալով մրցակցությանն», արագ լքում են մեր քաղաքը։

«Լիահույս ենք, որ կարձագանքեք և լուծում կտաք12 հազար բնակչության սպասարկելու պատասխանատվություն ստանձնած բուժհաստատության՝ որպես այդպիսին գործունեությունն ապահովելու հարցին»,-ասվում է նամակում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---