14 նոյեմբերի 2007 - 15:44 AMT
Քանի դեռ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ, պատերազմի վերսկսման հնարավորությունը չի կարելի բացառել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բացառված չէ, հայտարարել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Դարտմուտի կոնֆերանսի ռուս համանախագահ, Ռազմավարական եւ քաղաքական հետազոտությունների ռուսական կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինը: «Իհարկե, միջազգային հանրությանը շահագրգռում է խաղաղության համաձայնագրի կնքումը, սակայն չի կարելի ամբողջությամբ բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, քանի որ հարցը կարգավորված չէ: Վերջիվերջո, կողմերից որեւէ մեկը այս կամ այն արտաքին կամ ներքին գործոնի պատճառով կարող է հմայվել հարցի ռազմական կարգավորման հնարավորությամբ: Հնարավոր է, որ Հարավային Կովկասում մեծ տերությունների գոյություն ունեցող մրցակցության պայմաններում նրանցից որեւէ մեկը Ղարաբաղի հարցում հավասարակշռության խախտումով կփորձի առավելություն ստանալ: Սակայն նաեւ հնարավոր է, որ ներքին գործոնները կողմերից մեկին կհանգեցնեն պատերազմի վերսկսմանը»,- հայտարարել է Վիտալի Նաումկինը «Առգումենտի ի Ֆակտի վ Առմենիի» թերթին տված հարցազրույցում: