16 մայիսի 2017 - 11:25 AMT
Թուրքիան նոր ռազմակայան կհիմնի Սիրիայի հյուսիսում

Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը մտադիր է նոր ռազմակայան ստեղծել Սիրիայի հյուսիսում Էլ Բաբ քաղաքի մոտ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Կայնակը:

«Մենք ունենք ռազմակայան Չոբանբեյի շրջանում (Թուրքիային սահմանակից Սիրիայի տարածքում): Մեր Գլխավոր շտաբը մտադիր է նոր ռազմակայան ստեղծել Էլ Բաբից դեպի արևմուտք ընկած տարածքում՝ Աքիլ ռազմավարական բարձունքի մոտ, որտեղ առավել կատաղի մարտեր են ընթացել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ: Միջազգային հանրությունն իրազեկված է այդ մասին»,-հայտարարել է Կայնակը Hurriyet թերթին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ թուրքական զորակազմը Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո կրճատվել է 8.000-ից մինչև 1.500:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Սիրիական ընդնդիմության հետ գրավելով Ջարաբլուսն ու Էլ Բաբը՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարեց «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում ավարտելու մասին՝ հավելելով, որ անհրաժեշտութան դեպքում այն կվերսկսվի:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: