16 մայիսի 2017 - 15:06 AMT
ՀՀ-ում տարեցների խնամքի և պալիատիվ բուժօգնության կենտրոններ կզարգանան

Հայաստանում գործող առանձին հիվանդանոցներ կվերազինվեն, իսկ մի մասը կփակվի։ Դրանց փոխարեն հանրապետությունում կզարգանան պալիատիվ բուժօգնության և տարեցների խնամքի կենտրոնները, որտեղ էլ կաշխատեն վերապատրաստված բուժաշխատողները։ Այդ մասին հաշվետու ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Առողջապահության նախարարությունը վերջին յոթ ամսում ձեռնամուխ է եղել մի շարք ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, որոնց նպատակն է ավելի զարգացնել Հայաստանի առողջապահության ոլորտը, ավելացնել բնակչության առողջ տարիների և ակտիվ կյանքի տևողությունը:

Ներկայացնելով կառուցվածքային բարեփոխումներին ուղղված ծրագրերը` նախարարը, մասնավորապես, նշել է մոտ ապագայում Բերդի և Վարդենիսի բժշկական կենտրոնների հարևանությամբ գտնվող զինվորական հոսպիտալներին միավորվելու մասին։ Դրա արդյունքում տվյալ մարզերում կբարելավվի առողջության պահպանության և բժշկական ծառայությունների որակը։

«Այս ծրագիրը ոչ միայն ներքին շուկան հագեցնելու, այլև բժշկական տուրիզմը զարգացնելու ուղվածություն ունի»,-նշել է նախարար Ալթունյանը։

Անդրադառնալով բժշկական օգնության որակի բարելավմանն ուղղված քայլերին` Լևոն Ալթունյանը նշել է, որ օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվում ու տեղայնացվում են կլինիկական ուղեցույցներ և պացիենտի վարման գործելակարգեր։ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կներդրվի 200 ուղեցույց, 100 գործելակարգ և ընթացակարգ։ Ապահովելով աշխատանքի շարունակականությունը` 2021թ. համակարգում կներդրվի 1000 ուղեցույց, 350 գործելակարգ և 600 ընթացակարգ։

«Այս ծրագրի նպատակներից մեկն էլ մարզերում իրականացվող բժշկական օգնության մակարդակը Երևանի առաջատար կլինիկաներին մոտեցնելն է»,- ասել է նախարարը։

Լևոն Ալթունյանն անդրադարձել է նաև ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման, պետական բյուջեից հատկացվող միջոցների առավել նպատակային և հասցեական ծախսման հարցերին։

«Ակնհայտ է, որ առողջապահության ոլորտում կա ստվերային շրջանառություն, և մեր խնդիրն է այն բերել օրինական դաշտ»,-ասել է Լևոն Ալթունյանը` անդրադառնալով դրա լուծման քայլերին։ Նախարարությունում այսօր վերանայվում են գնագոյացման մեխանիզմները բուժման գներն իրականին մոտեցնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց կստեղծվի նաև համավճարի իրատեսական համակարգ։

«Քաղաքացին իմանալով բժշկական ծառայությունների իրական գները` կարող է ընտրություն կատարել` վճարել իր գրպանից, թե՞ կամավոր ապահովագրություն ձեռք բերել»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Նախարարն անդրադարձել է նաև բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրմանը։ Աշխարհի զարգացած 40 երկրում կայացած այս ինստիտուտը կարող է լրջորեն նպաստել պացիենտ-բժիշկ/բուժհաստատություն փոխհարաբերությունների ընթացքում ծագող վեճերի արագ և արդյունավետ քննության իրականացմանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Իր խոսքում նախարար Լևոն Ալթունյանն անդրադարձել է նաև բժիշկ-հիվանդ փոխադարձ հարգանքի և վստահության վերականգնմանը` դրանում կարևորելով լրատվամիջոցների դերը։

Պալիատիվ բուժումը դա ամոքիչ օգնություն է, որը թույլ է տալիս բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների (քաղցկեղով և կյանքը սահմանափակող այլ հիվանդություններ) խնդրին բախվող հիվանդների և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ցավի և այլ ֆիզիկական ախտանիշների վաղ հայտնաբերման, մանրակրկիտ գնահատման և բուժման օգնությամբ տառապանքների կանխարգելման ու թեթևացման, ինչպես նաև հիվանդին և նրա հարազատներին հոգեբանասոցիալական ու հոգևոր աջակցության տրամադրման միջոցով: